Թուրքիայում գործարկվել են Patriot զենիթա-հրթիռային համալիրները

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ավարտվել է Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայումը: Երեկ գիշեր Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում ավարտվել են այդ համակարգերի թեստային աշխատանքները:

Թուրքիան 2012 թվականի նոյեմբերին ՆԱՏՕ-ից այդ համակարգերը խնդրել է Սիրիայում առկա հակամարտությունից բխող սպառնալիքներից «պաշտպանվելու» նպատակով: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, ինչ 2012 թվականի հոկտեմբերի 3-ին Սիրիայի տարածքից հրետակոծվել էր Աքչաքալեի շրջանը, ինչի հետևանքով զոհվել էր 5 և վիրավորվել էր 11 մարդ: Ընդհանուր առմամբ, Թուրքիան ՆԱՏՕ-ից ստացել է Patriot զենիթա-հրթիռային 6 համալիր, որոնցից երկուական տրամադրել են ԱՄՆ-ը, Գերմանիան և Նիդերլանդները:

Հիշեցնենք, որ Աքչաքալեի հրետակոծությունից հետո թուրքական «Յուրթ» թերթը գրեց, որ այդ հրետակոծությունն իրականացրել են ոչ թե Սիրիայի կառավարական զորքերը, այլ՝թուրք-սիրիական սահմանին մարտեր մղող սիրիացի ապստամբները, որոնց տվյալ զենքը հատկացրել է հենց Թուրքիան:

Դրանից հետո գրանցվեցին նմանատիպ ևս մի քանի միջադեպեր, որոնք էլ հանգեցրին նրան, որ ՆԱՏՕ-ն ընդառաջ գնաց Թուրքիային՝ Սիրիայի հետ նրա սահմանին Patriot զենիթա-հրթիռային համալիրներ տեղակայելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս