
Ցուցարարները Սաակաշվիլիից պահանջում են լիազորությունները հանձնել խորհրդարանի նախագահին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ արդեն 10-րդ օրն է, ինչ հասարակական ու քաղաքական կազմակերպությունների դաշինքը բողոքի ակցիա է անցկացնում Թբիլիսիում նախագահական նստավայրի առջև: Նրանք պահանջում են նախագահի անհապաղ հրաժարականը և որ նախագահն իր լիազորությունները փոխանցի Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիին:
Դաշինքի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իրենք համապատասխան գրավոր դիմում են ուղարկել Վրաստանի խորհրդարանին, սակայն արձագանք չեն ստացել, ինչի կապակցությամբ էլ դաշինքը հայտարարել է, թե Վրաստանի խորհրդարանը ձգձգում է Միխեիլ Սաակաշվիլիի նախագահական լիազորությունների ավարտվելու փաստը և չի ֆիքսում սեփական դիրքորոշումն այդ հարցի նկատմամբ:
Ցուցարարներն ընդգծում են, որ Սաակաշվիլիի նախագահական լիազորությունները սպառվել են 2013 թվականի հունվարի 20-ին, իսկ հունվարի 21-ից Միխեիլ Սաակաշվիլին այլևս չի հանդիսանում Վրաստանի նախագահ:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության երկրորդ ժամկետը (5 տարի) սկսվել է 2008 թվականի հունվարի 20-ից: Սակայն տարիներ առաջ Սաակաշվիլին կատարել է օրենսդրական ուղղումներ, ըստ որի՝ Վրաստանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան հոկտեմբերին: