«Ուզում եմ գոնե մեկ ապացույց, որ հասկանամ` ինչո՞ւ է իմ տղան նստած». Մարինա Արայան (տեսանյութ)

Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արայանի հարազատներն ու ընկերները, «Միացյալ երիտասարդական լիգա» հասարակական կազմակերպության որոշ անդամներ այսօր 5000 ստորագրությամբ նամակ հանձնեցին ՀՀ նախագահի նստավայր, որպեսզի այն փոխանցեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նամակի հեղինակները պահանջում են, որպեսզի Վերաքննիչ դատարանն արդար վճիռ կայացնի և ազատ արձակի Կարեն Արայանին:

Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, թե ինքը մինչ օրս իր որդու մեղքն ապացուցող որևէ փաստ չի տեսել, այնինչ նրան դատապարտել են 1 տարի ազատազրկման:

«Ուզում եմ գոնե մեկ ապացույց, որ հասկանամ` ինչո՞ւ է իմ տղան նստած: Մինչև հիմա ապացույց չեմ տեսել: Եթե ապացույց լինի, ես դեմ չեմ՝ թող ամբողջ խստությամբ պատժվի»,- ասաց Մարինա Արայանը: Վերջինս նաև հույս հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը արդար վճիռ կկայացնի:
«Միացյալ երիտասարդական լիգա» հասարակական կազմակերպության համանախագահ Դանիել Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք հետևել են Կարեն Արայանի գործով դատավարության ընթացքին և համոզված են, որ վճիռը կայացվել է անհիմն փաստերի հիման վրա.

«Անհիմն փաստերի և փաստերի սակավության հիման վրա իրականացվել է անարդար դատավճիռ: Ստորագրահավաքն անցկացվել է մի քանի օր, հավաքվել է մոտ 5000 և ավելի ստորագրություն, որն էլ վկայում է, որ դատավճիռն անարդար է կայացված:

Ստորագրությունները հանձնելու ենք նախագահին և պահանջելու ենք, որ կարճ ժամանակահատվածում վերանայեն դատավճիռը և հունվարի 31-ին արդար դատավճիռ իրականացնեն»:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Արայանին մեղավոր էր ճանաչել ու դատապարտվել 3,5 տարի ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս