
Amnesty International-ը ԵԽ-ին կոչ է արել հստակ հանդես գալ Ադրբեջանում խոսքի ազատության պաշտպանության օգտին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 26-ին Բաքվում անցկացված խաղաղ ակցիայի ժամանակ ձերբակալվել է մի քանի տասնյակ ակտիվիստ: Մոտ 80 ցուցարարի ձերբակալությունը, որոնցից 30-ը պատժվել են, իրականացվել է այն բանից մի քանի օր անց, ինչ ԵԽԽՎ-ում չընդունվեց Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ Քրիստոֆ Շտրասերի կազմած զեկույցը:
Այս կապակցությամբ Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Եվրոպայի Խորհրդին կոչ է արել հստակ հանդես գալ Ադրբեջանում խոսքի ազատության պաշտպանության օգտին: AI-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայով գծով տնօրեն Ջոն Դալուսենը հայտարարել է, որ ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին զեկույցի չընդունումից անմիջապես անց խաղաղ ցուցարարների ձերբակալումը ցույց տվեց, թե որքան լուրջ է իրավիճակը.
«ԵԽԽՎ համազեկուցողներ Պեդրո Ագրամունտը և Ջոզեֆ Գրեշը, որոնք պատասխանատու են Եվրոպայի Խորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման համար, հանդես եկան Շտրասերի զեկույցի հիման վրա բանաձևի ընդունման դեմ: Իրենց վրա այդպիսի պատասխանատվություն ստանձնած համազեկուցողներն այժմ պետք է միջամտեն գործին՝ հասնելու համար ազատազրկման վերաբերյալ դատավճիռների և շաբաթօրյա ակցիային մասնակցելու համար սահմանված տուգանքների չեղյալ հայտարարմանը:
AI-ն հայտնում է իր անհանգստությունն այն կապակցությամբ, որ Իսմայիլիում գրանցված անկարգությունների ժամանակ ձերբակալվել է մի քանի մարդ, որոնք ենթարկվել են կոշտ վերաբերմունքի և կտտանքների»: