
Աբդուլլահ Օջալանը բանտից դիմել է Սահմանադրական դատարան

Թուրքական T24 լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր, 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը դիմել է երկրի Սահմանադրական դատարան:
Որպես դրա պատճառ է նշվում այն, որ Օջալանին թույլ չեն տվել հրատարակել իր «Քրդերի հռչակագիրը» անվանմամբ գիրքը, ինչն Օջալանի կարծիքով հակասահմանադրական է: Օջալանը հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի և Սահմանադրական դատարան դիմելիս օգտվել է իր սահմանադրական իրավունքից: Սահմանադրական դատարանն արդեն իսկ սկսել է դիտարկել Օջալանի դիմումը և եթե հաստատվի, որ խախտվել են Օջալանի իրավունքները, ապա այդ գիրքը կարող է հրատարակվել:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մարտի վերջին թուրք հայտնի սյունակագիր Էրթուղրուլ Օզքյոքը գրեց, որ 2008 թվականի տվյալներով` Աբդուլլահ Օջալանին Իմրալը կղզու բանտում պահելը պետության համար տարեկան արժենում է 45 միլիոն լիրա (25 միլիոն դոլար): Նա հավելել էր, որ Իմրալը կղզում գտնվում է մոտ 1000 զինծառայող (որից 250-ը` սպաներ), ինչպես նաև տեղակայված է 165 հեռուստախցիկ: