Բաժիններ՝

Եթե Թուրքիայից զինյալներ ու զենք չուղարկվեն, ապա Սիրիայի ճգնաժամը կարող է լուծվել երկու շաբաթվա ընթացքում. Ասադ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով լիբանանյան «Ալ Ահբար» թերթը, հայտնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիայում առկա ճգնաժամը կարելի է լուծել երկու շաբաթվա ընթացքում, եթե ներկայիս կառավարության հակառակորդները Թուրքիայի տարածքից Սիրիա չուղարկեն զինյալներ ու զենք:

Նշվում է, որ Ասադը Դամասկոսում գտնվող «Ար-Ռաուդ» նստավայրում հանդիպել է արաբական աշխարհի ներկայացուցիչների հետ և երեք ժամ տևած այդ հանդիպման ժամանակ մանրակրկիտ ներկայացրել է Սիրիայում ստեղծված իրավիճակը: Ասադը նրանց հայտնել է, որ վերջին շրջանում սիրիական բանակը վերադարձրել է արտասահմանից ֆինանսավորվող զինված խմբավորումների դեմ ռազմական գործողությունների նախաձեռնությունը և նրանց մի քանի անգամ մատնել է ծանր պարտության:

«Սիրիացի զինվորականները հակակառավարական ելույթների սկսվելուն հաջորդած 22 ամիսների ընթացքում զինյալներին թույլ չեն տվել ամբողջովին վերահսկողություն հաստատել մեկ նահանգի վրա: Զինյալների խմբերը հիմնականում գործում են Թուրքիային, Հորդանանին, Լիբանանին սահմանակից շրջաններում և Դամասկոսի մի շարք արվարձաններում: Բուն մայրաքաղաքը՝ ներառյալ մինչև միջազգային օդանավակայան տանող ճանապարհն անվտանգության մեջ է»:

Ասադը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանն այսուհետ նույնպես կշարունակի աջակցել Դամասկոսին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը, աջակցելով Սիրիային, պաշտպանում է ոչ թե այնտեղ իշխող վարչակարգին, այլ՝ ինքն իրեն: Ասադը հավելել է, որ Դամասկոսը շարունակելու է համագործակցել Սիրիայի գծով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ:

Ասադի կարծիքով՝ Սիրիան կարողացել է հաղթահարել ճգնաժամի ամենավտանգավոր փուլը, իսկ առաջիկայում կառավարությունն ունի բազում անելիքներ, ինչը մասնավորապես վերաբերում է փախստականներին վերադարձնելուն ու երկրի վերականգնմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս