Ստեղծվել է թյուրքական աշխարհի համատեղ ժանդարմերիա
Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ պաշտոնապես ստեղծվել է թյուրքական աշխարհի բանակ: Դրանում ներառվել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի և Մոնղոլիայի զինծառայողները: Հենց այդ պետությունների անվանման առաջին տառերով էլ այդ բանակը կոչվել է TAKM, որն իրենից ներկայացնում է ռազմուժի կարգավիճակ ունեցող Եվրասիական Ժանդարմերիա:
Վերջինս իր գործունեությունը սկսել է հունվարի 25-ին, Բաքվում: Մասնակից երկրները հայտարարել են, որ TAKM-ը չի ստեղծվել որևէ երկրի կամ կառույցի դեմ,այն ստեղծվել է միայն խաղաղասիրական նպատակներով և միտված է քաղաքացիներին ոստիկանական ծառայություններ մատուցելուն: TAKM-ի ստեղծման նպատակը մասնակից երկրների միջև իրավապահ ոլորտում տեղեկատվության ու փորձի փոխանակումն է, կազմակերպությունը բաց է տարածաշրջանի բոլոր երկրների համար:
Մասնակից բոլոր երկրները կողմ են արտահայտվել, որ առաջին փուլում այդ կազմակերպության նախագահության ու մշտական քարտուղարության գործառույթները հանձնվեն Թուրքիային: Դա տևելու է մինչև 2014 թվականի մայիսը, երբ Թուրքիային այդ հարցում կփոխարինի Ղրղզստանը: Որպես TAKM-ի խորհրդանիշ է ընտրվել ձին: