Չախալյանն այլևս վտանգ չէր ներկայացնի, եթե ևս 5 տարի մնար ազատազրկման մեջ. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուսանողների հետ հանդիպման ժամանակ վերստին անդրադարձել է ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանին ազատ արձակելու խնդրին.

«Եթե Չախալյանը բանտում մնար ևս 5 տարի և հետո նոր հայտնվեր ազատության մեջ, ապա նա այլևս ոչ մի խնդիր չէր ներկայացնի Վրաստանի համար: Իսկ այսօր դա խնդիր է: Եթե ժամանակին ձերբակալեին Արձինբային, ապա Աբխազիայում տեղի չէր ունենա այն, ինչը տեղի ունեցավ:

Դուք կարող եք հարցնել, թե ինչո՞ւ եք կարծում, որ մեկին բանտ նետելով կլուծվի խնդիրը: Իհարկե մեկ մարդուն բանտ նետելով չեն լուծվում բոլոր խնդիրները, սակայն այս տարիներին մենք շատ խնդիրներ ենք լուծել Սամցխե-Ջավախքում: Նախկինում այդ շրջանը կապեր չի ունեցել մնացյալ Վրաստանի հետ և ունեցել է միայն մեկ ուղի՝ սահմանից այն կողմ՝ դեպի Երևան:

Իսկ Վրաստանի նախկին կառավարությունը կառուցեց ճանապարհ, որով տվյալ շրջանը կապվեց Թբիլիսիի հետ: Ճանապարհ կառուցվեց նաև դեպի Բաթում, և ևս մեկը գցվեց դեպի Քութայիս: Բացի այդ, կառուցվում է մեծ երկաթուղի, որը Վրաստանը կկապի Եվրոպայի հետ»:

Սաակաշվիլին հավելել է, որ Չախալյանին ազատ չարձակելու հարցում անձամբ է խնդրել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին ու Դավիթ Ուսուպաշվիլիին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Չախալյանի ազատ արձակումից հետո Սաակաշվիլին նրան որակել էր որպես «վրացական պետության թշնամի և ռուսական Գլխավոր հետախուզական վարչության գործակալ»՝ ընդգծելով, որ նրա ազատ արձակումը «հակապետական» քայլ է:

Ի դեպ, հունվարի 24-ին ազատության մեջ հայտնված Վահագն ՉախալյանըՎրաստանում ձերբակալվել է 2008 թվականին և մեկ տարի անց զանգվածային անկարգություններ կազմակերպելու, սառը զենք կրելու և խուլիգանության մեղադրանքներով դատապարտվել է 10 տարի ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս