
Ադրբեջանի մեկ այլ շրջանում հասունանում է նոր խռովություն

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում հասունանում է հերթական խռովությունը: Այս անգամ այն սպասվում է Ադրբեջանի հյուսիսում ընկած Զաքաթալայի շրջանում, որը սահմանակից է Ռուսաստանի հետ:
2012 թվականի մայիսին այստեղ տեղի էր ունեցել 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, տեղաբնակները դժգոհ են բնական աղետի հետևանքների ցուցաբերման հարցում իշխանությունների անգործությունից: Վերջին օրերին շրջանի մի շարք գյուղերում քաղաքացիները խմբային դիմում են հղել տեղական իշխանություններին, որում արտահայտել են իրենց դժգոհությունը պետական օգնության անարդարացի բաշխումից:
Հուզումների տեղիք էին տվել Արտակարգ իրավիճակների նախարարության ոչ ադեկվատ գործողությունները, որը սկսել էր պատճառված վնասի դիմաց հատուցել 1000-4000 մանաթ (1 դոլարը հավասար է 0.78 մանաթ – 168.am) փոխհատուցում: Սակայն ավելի վաղ նախատեսված էր տուժածների համար կառուցել տներ կամ էլ կապիտալ վերանորոգել տուժած տները: Ընդ որում, շատերին չեն տրամադրում փոխհատուցման ստացականը:
Երկրաշարժից հետո նախագահ Իլհամ Ալիևն ու կառավարությունը խոստացան մինչև 2012 թվականի ավարտը փոխհատուցել բոլոր քաղաքացիների կրած վնասները, սակայն այդ խոստումները չպահպանվեցին: Պարզվել է, որ ներկայումս կառուցվել է ընդամենը 600-700 տուն (մինչդեռ պետք է կառուցվի 3500 տուն), իսկ երկրաշարժի գոտու համար նախատեսված գրեթե բոլոր միջոցները սպառված են: