ԲՀԿ-ն տզրուկների մեջ չի մտնում. Գուրգեն Եղիազարյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը քննադատեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ասելով, թե նա Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո մասնակցել է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ու նրա հետ բաժակ է բարձրացրել, իսկ հետո ընդդիմություն է ձևացել:
«Երբ հարցնում էին՝ Րաֆֆին ասում էր՝ ես սև վերնաշապիկով եմ եղել: Ասում է՝ գնացի Սերժ Սարգսյանին շնորհավորեցի, բայց բաժակս չխփեցի նրա բաժակին: Ուրեմն՝ կադրերը գնացել նայել է, տեսել է որտեղ բաժակը խփելու կադրը չկա, որոշել է այդպես ասել: Բայց լուսանկար կա՝ դեմ դիմաց կանգնած են, բաժակները պատրաստ խփելու: Հարցնում են՝ ինչո՞ւ գնացիր, ասում է՝ այո, գնացի, գնացի նաև Բաքու: Էտ ո՞ւմ թիկունքին ԱՄՆ դեսպանը կանգներ, որ չգնար Բաքու: Այ Բաքու իսկական Աշոտ Բլեյանն է գնացել: Ես Րաֆֆի քայլը, արձանագրել եմ որպես ստոր քայլ: Եթե դու Սերժ Սարգսյանի ընկերն ես, բա ի՞նչ պիտի անեիր, պիտի գնայիր»,- ասաց նա:
Հարցին՝ թե գրեթե նույն կերպ վարվեց նաև ՀԱԿ-ը, երբ ԲՀԿ-ին քննադատեց ու մեղադրեց Մարտի 1-ի դեպքերի մեջ, բայց հետո համագործակցեց նրանց հետ, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Այսինքն՝ դուք զուգահեռներ տարա՞ք դրանց միջև: Դրանք տարբեր բաներ են: Դուք որտե՞ղ եք կարդացել համագործակցության մասին: Րաֆֆին բաժակը բարձրացրեց, բեղիկների տակից լայն ժպտաց: Իսկ մե՞նք: Դուք ինձ տեսե՞լ եք, որ ես համագործակցեմ ԲՀԿ-ի հետ: Ես ՀԱԿ անդամ եմ և միշտ ասել եմ, որ ցանկացած մարդ, եթե վաղը ասի, որ դեմ է այս իշխանություններին, իմ բարեկամը կլինի, իմ ընկերը կդառնա: Մենք ԲՀԿ-ին մարտի 1-ի մեղավո՞ր ենք ասել»:
Դիտարկմանը, թե այո, ՀԱԿ-ը մեղավորների շարքում հնչեցնում էր նաև ԲՀԿ-ի անունը, դա մոռացա՞ք, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ոչ: Չմոռացանք: Դուք այդ փաստը գիտե՞ք, որ ԲՀԿ-ն Մարտի 1-ի սպանություններով մեղք ունի: Ես նման բան չեմ ասել, ոչ էլ ՀԱԿ-ն է ասել: Դա եղել է ընդամենը մի փաստաթուղթ, որտեղ Անդրանիկ Քոչարյանը հրապարակել է, մարդկանց, այդ թվում ԲՀԿ-ականների, ովքեր զինվորական համազգեստ են ստացել: Բայց ես ի՞նչ իմանամ, միգուցե այդ փաստաթուղթը… անվտանգությունում գոյություն ունի այսպիսի հասկացություն՝ դեզինֆորմացիա, երբ ճիշտ ուղուց շեղելու համար, որպեսզի հարվածի իմ ուղղությունը շեղեք դեպի ԲՀԿ-ն, դուք ինչ-ինչ ճանապարհով հասցրել եք ինձ, որ ես այդպես մտածեմ: Դա չապացուցված փաստ է»:
Հարցին, թե փաստորեն հայտարաում եք, որ ԲՀԿ-ն կապ չունի՞ Մարտի 1-ի հետ՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Այ եթե դուք ինձ իշխանություն տաք, ես ձեզ խոստանում եմ մի շաբաթ հետո ասել՝ ԲՀԿ-ն մասնակից եղե՞լ է, թե՞ ոչ: Բայց քանի որ մենք նախաքննության, հետաքննության իրավունք չունենք, մենք կարող ենք ենթադրությունների դաշտում ասել, թե որքանով են մեղավոր: Բայց այն, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մեղավոր են, դա միանշանակ է: Մարտի 1-ի զոհերի արյունը նրանց վրա է, դա ուղիղ կարող ենք ասել: Ամեն քառակուսին լուսանկարված, հանված է: Հիմա ի՞նչ, դուք ուզում եք ես ԲՀԿ-ին մի բան ասեմ, չեմ ասելու:
Դուք ամբողջ 40 ընտանիքի մեջ առանձնացնում եք մեկ ընտանիքը, խոսում եք 39-ը մի կողմից՝ 1-ի պարագայում: 39 ընտանիքը, որ տզրուկի պես կեղեքում է իմ երկիրը, հիմա դուք պարտադիր ուզում եք, որպեսզի ես ձեզ պատասխանեմ՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է տզրուկների մեջ, թե՞ ոչ, այո՞: Ես էլ ասում եմ՝ ոչ, չի մտնում»:
Հարցին, թե ո՞վ է լինելու Ձեր առաջնորդը՝ հաշվի առնելով Լևոն Տեր-Պետրոսյանի տարիքը՝ նա պատասխանեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը»: