ՀԱԿ անդամ. ՀԱԿ-ը բոնուս-շանս է տվել Սերժ Սարգսյանին

«Սերժ Սարգսյանը հանճարեղ բան արեց, ահագին ականների հանեց, վնասազերծեց: Այս ընտրություններում էլ ՀԱԿ-ն ահագին բան արեց, որ դաշտն ականներից զերծ մնա, հետո ընտրություններից հետո տեսնենք՝ ինչ ենք անելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ «մեր խնդիրը պետք է լինի մեր մեջ նստած ստրուկին սպանելը», որից հետո միայն ՀԱԿ-ի հեղափոխության կոչերը չեն մնա օդում:

Հարցին, թե նախագահական ընտրություններից հետո ի՞նչ եք պատրաստվում անել, նա պատասխանեց. «Այսօր Սերժ Սարգսյանը շատ վատ վիճակի մեջ է՝ այն առումով, որ ընտրատեղամասերը դատարկ են լինելու: Մենք բոնուս-շանս ենք տվել, որ մարդավարի, առանց կեղծիքների, գումարի, առանց մարդկանց Ա կետից Բ կետը տեղափոխելու, եթե ընտրություններ արեց, մենք հանգիստ սպասելու ենք, որ այս վիճակից երկիրը հանի, առաջին հերթին կանգնեցնի արտագաղթը»:

168.am-ի հարցին, թե հաշտվելո՞ւ եք Սերժ Սարգսյանի վերընտրման հետ, Եղիազարյանը պատասխանեց. «Եթե այս իմ նշած պահանջները կատարվեն, մենք ծափ կտանք, եթե ոչ՝ կկանգնենք կասենք՝ գնա, զզվացրիր արդեն: Ես չեմ գնալու ընտրություններին ու որպես քաղքացի չեմ օգտվելու Սահմանադրական իմ իրավունքից, որովհետև, Սահմանադրությունը այստեղ չի գործում: Այստեղ գործում է Սերժ Սարգսյանը, իր թիմակիցներով, իր ամեն ինչով:

Նրան շանս է տված բացառապես թափանցիկ արդար ընտրություններ անցկացնել: Առանց սարկազմի եմ ասում՝ Սերժ Սագսյանը առավելություն ունի ցանկացած առաջադրված թեկնածուի նկատմամբ: Թող ցուցակ չկազմեն, նորմալ ընտրություններ անցկացնեն, ով որ հեռագիր չի տա, չի շնորհավորի, թող շան տղա լինի»:

Կարդացեք նաև

Հարցին, թե ՀԱԿ-ը կա՞, գոյություն ունի՞, ինչո՞վ է զբաղվում, ովքե՞ր են հիմա մնացել ՀԱԿ-ում, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ես ՀԱԿ-ից եմ, լսում եմ ձեզ: Ես առաջարկելու եմ իմ թիմակիցներին բոյկոտել ընտրությունները»:

Դիտարկմանը, թե այսօրվա ասուլիսում Հրանտ Բագրատյանն ասաց, թե ՀԱԿ-ը չի մասնակցում ընտրական գործընթացներին, բայց ՀԱԿ-ի կեսը մասնակցում է, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Կրկնում եմ՝ Բագրատյանին չեմ մեկնաբանելու: Թե դա ի՞նչ հաշվապահություն է, որ կեսը իրեն են սատարում, ես տեղյակ չեմ:  Եթե այդպես է, միգուցե այս երկու օրը ՀԱԿ-ից բոցաշունչ ելույթներ լինեն: Այս դեպքում կասեմ՝ Բագրատյանը բացարձակ ճշմարտություն է ասել»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ի՞նչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի  քաղաքացիական նախաձեռնության մասին, ինչին ի պատասխան նա նշեց. «Նիկոլին շատ եմ հարգում, նա ՀԱԿ անդամ է, լավ կլիներ, որ այդ գաղափարները հնչեին ՀԱԿ-ի անունից»:

Տեսանյութեր

Լրահոս