Ըստ Հրանտ Բագրատյանի` ՀԱԿ-ի ավելի քան կեսն իրեն է աջակցում
«Կարող եմ ասել, որ երկու քաղաքական ուժերն էլ ներքևի մակարդակում ակտիվորեն, եթե չասեմ ամբողջությամբ ընդգրկած քաղաքական գործընթացների մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը` ի պատասխան հարցին, թե, ըստ նրա, նախագահական ընտրություններին իրենց ձայնն ո՞ւմ կտան Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրողները:
«Այսինքն` չմասնակցելը չի հաստատվում փաստերով»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Լրագրողներից մեկը հարցրեց ԲՀԿ անդամների կողմից բացահայտ կամ ծածուկ ձևով նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանն աջակցելու մասին, ինչին ի պատասխան Հրանտ Բագրատյանը նշեց, որ այդ հարցը նույնպես փաստում է այն, որ «ԲՀԿ-ի մասով` ոչ մի չմասնակցել գոյություն չունի»:
ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը խոսեց նաև այն մասին, թե ՀԱԿ-ից ովքեր կարող են աջակցել իր թեկնածությանը` նշելով, որ ոչ միայն «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն է հայտարարել իրեն սատարելու մասին, այլև «Մարդու իրավունքներ-96» կուսակցության ղեկավար Ռուբեն Թորոսյանը, նույնը վերաբերում է նաև «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին, չնայած նշեց, թե չի կարող ասել, թե տվյալ կուսակցությունից 45, 65, թե 95 տոկոսն է պաշտպանելու իր թեկնածությունը, իսկ «Ազատ դեմոկրատները», նրա խոսքերով, պաշտպանելու են առանձին ղեկավարների մակարդակով:
Ինչ վերաբերում է ընդհանրապես ՀԱԿ-ին, ապա, ըստ Հրանտ Բագրատյանի, ՀԱԿ-ի «ներքևներում կանգնած մարդկանց ավելի քան կեսը» աջակցում է իրեն, ինչպես նաև ավելացրեց, որ, օրինակ, ՀՀՇ վարչությունից շատերն այսօր աշխատում են իր շտաբում: