Հովիկ Աբրահամյանը վտանգավոր է դառնում. մամուլ
««Ժամանակի» տեղեկություններով, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որն ի պաշտոնե նաև Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն է, այս օրերին ակտիվորեն զբաղվում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործերով։
Հայտնի է, որ անցած տարեվերջին նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարությունից հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը անցել է ընդհատակ՝ խուսափելով նույնիսկ հանդիպել իր կուսակիցների հետ ու կատարել դեռ խորհրդարանական ընտրություններից աոաջ ու հետո նրանց տված խոստումները։ Ստեղծված իրավիճակից որոշել է օգտվել Հ. Աբրահամյանը։
Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ի տարբեր տրամաչափի գործիչների ու պաշտոնյաների կողմից նախագահ Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին հրապարակային, կիսահրապարակային կամ ընդհանրապես ոչ հրապարակային հայտարարությունները համակարգում է Հ. Աբրահամյանը։
Տարեսկզբից ի վեր տեղական նշանակության կարևոր ԲՀԿ–ականներ որոշել էին դուրս գալ կուսակցությունից՝ ցանկություն հայտնելով անդամագրվել ՀՀԿ–ին։ Հ. Աբրահամյանին դիմած գործիչները Աժ նախագահին ասել են, որ իրենց հարցերը լուծելու դեպքում պատրաստ են դուրս գալ ԲՀԿ-ից, նախագահական ընտրություններին աշխատել Ս. Սարգսյանի օգտին ու դրանից հետո՝ անգամ անդամակցել ՀՀԿ-ին։
Հ. Աբրահամյանը, սակայն, նրանց հորդորել է այդ ամենը անել, բայց ԲՀԿ-ից դուրս չգալ։ Փոխարենը խոստացել է լուծելնրանց հուզող հարցերը։ Այդպիսով Հ. Աբրահամյանը հատկապես ցանկանում է ամբողջական պահել ԲՀԿ-ի համանուն խմբակցությունը, որպեսզի այն չտրոհվի։ Հ. Աբրահամյանը հույս ունի, որ կուսակցության ստվերային ղեկն իր ձեռքը վերցնելու դեպքում այն կարող է շատ կարևոր դերակատարություն տալ իրեն և’ ՀՀԿ-ում, և’ ԲՀԿ-ում։
Իր այդ քայլով Հ. Աբրահամյանը մի քանի խնդիր է լուծում։ Նախ՝ U. Աարգսյանին ցանկանում է ապացուցել, որ ԲՀԿ-ն իր միջոցով մնալու է նախագահի ու ՀՀԿ-ի ազդեցության տակ։ Նա նաև ցանկանում է նախագահական ընտրություններից հետո այդ կուսակցությանը կոալիցիա վերադարձնել։ Մյուս կողմից էլ, իր այդ ակտիվ դերակատարությամբ նա ցանկանում է ազդեցություն ու նաև մասնաբաժին ունենալ ԲՀԿ-ում՝ վերջապես դառնալ այդ կուսակցության ստվերային ղեկավարը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը: