Բաժիններ՝

Գաղափար փնտրելով. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Կոմունիստները, դնելով իրենց առաջնորդի դիակը դամբարանում, ուղերձ էին հղել հսկայական երկրի բնակչությանը՝ սա սրբություն է, որի առաջ բոլորդ պարտավոր եք խոնարհվել` մի կողմ դնելով ձեր անհատական, ազգային և կրոնական տարբերությունները։ Երբ ես էի գիտակից տարիքում, այդ պաշտամունքը կեղծ էր, ավելին՝ ծաղրի առարկա էր, անեկդոտի նյութ։

Իրենք` Լենինի մասին բոցաշունչ ելույթներ ունեցողները, «կոմունիստական կրոնին» դույգն-ինչ չէին հավատում։ Եթե այդպես չլիներ, գուցե այդ պետությունն ավելի երկար գոյատևեր։ Բայց ոչ միայն կոմունիստական, այլև ցանկացած այլ պետությունում, նույնիսկ՝ ամենադեմոկրատական, կան, պետք է լինեն ինչ-որ «սրբապատկերներ», ինչ-որ հեղինակություններ, գաղափարներ, եթե կուզեք՝ առասպելներ, որոնց վերաբերյալ կա որոշակի ազգային համաձայնություն, որոնք ստիպում են բոլորին զգաստանալ, մի կողմ դնել ոչ միայն տարաձայնությունները, այլև ցինիկ ժպիտը։

Երբ հանրապետականները՝ առաջնորդվելով, հավանաբար, կոմունիստական իներցիայով, Լենինի փոխարեն մեխանիկորեն ցանկանում են դնել Նժդեհին, դա, իհարկե, հակառակ ռեակցիան է առաջացնում և վարկաբեկում է այդ հրաշալի, հայրենասեր մարդուն՝ Նժդեհին։ Նրա աֆորիզմները (որոնք երբեմն որպես ավարտուն փիլիսոփայական հայեցակարգ են ներկայացվում) մեզ չեն կարող միավորել։ Այդ առումով Նժդեհի մասին ֆիլմը, եթե նույնիսկ բոլոր ժամանակների անգերազանցելի գլուխգործոցը լիներ, միևնույն է՝ ծաղրի և հարձակումների կարժանանար՝ մասնավորապես, հանրապետականներին չհամակրողների կողմից։

Բայց եթե հին, կոմունիստական ձևով հնարավոր չէ նման միավորող գաղափար կամ խորհրդանիշ պարտադրել, դա չի նշանակում, որ դրանք ընդհանրապես չպիտի լինեն։ Իմ կարծիքով՝ ամենաիդեալական լուծումը կլիներ, եթե նման դերում հանդես գար Հայ աոաքելական եկեղեցին։ Բայց, ցավոք, մեր բարձրաստիճան հոգևորականները մեր հասարակության մեջ որևէ հարգանք չեն վայելում՝ նրանք ընկալվում են որպես քրեաօլիգարխիկ համակարգի մի մաս, և հիմնականում, կարծում եմ, այդ գնահատականին արժանի են։

Այդ դեպքում՝ ի՞նչը։ Դուք, իհարկե, չեք սպասում, որ ես համակարգչային մեկ էջի սահմաններում կպատասխանեմ այդ հարցին։ Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ շուտով լրանում է Ղարաբաղյան շարժման 25-ամյակը։ Նայենք «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հայտնի լուսանկարին՝ Ազատության հրապարակում (երեկ այն վերարտադրվել էր մեր թերթում), գուցե այդ նկարը ձեզ ինչ-որ բան կհուշի՞։ Չեմ պնդում, որ այդ տղաները ինչ-որ բան էին գտել, բայց ինչ-որ բան նրանք, այնուամենայնիվ, շոշափել էին։ Հակառակ դեպքում միլիոն մարդ չէին հավաքի, հակառակ դեպքում հազարավոր մարդիկ կամավոր չէին գնա ռազմաճակատ։

Երբ ես շփվում եմ Ավետիք Իշխանյանի հետ, աշխատում եմ միայն գրական բառեր գործածել և ընթացքում փոխարինել մտքիս եկած ռուսերեն արտահայտությունները հայկական համարժեքներով։ Զուտ Ավետիքի ազգանվան պատճառով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս