Վերջին 10 տարիներին Էրդողանին փորձել են սպանել նվազագույնը 100 անգամ
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կյանքը վերջին 10 տարիներին սպառնալիքի տակ է հայտնվել նվազագույնը 100 անգամ: 2002-2012 թվականներին Թուրքիայի հատուկ ծառայությունները բացահայտել են Էրդողանի դեմ 100 մահափորձի նախապատրաստություն:
Նրանք ձերբակալել են 7 մարդու, որոնք պետք է անմիջականորեն վերացնեին վարչապետին: Ընդ որում, Էրդողանի դեմ մահափորձեր են նախապատրաստել ոչ միայն «Էրգենեքոն» ընդհատակյա կազմակերպության մասնակիցները, ռազմական հեղաշրջում պլանավորած զինվորականները, այլև՝ ձախ արմատական կազմակերպությունները: Օրինակ, 2008 թվականին կանխվեց «Ժողովրդական ազատագրման ճակատի հեղափոխական» կուսակցության պլանավորած մահափորձը, որի նախապատրաստումը տևել էր մոտ մեկ տարի:
Բացի Էրդողանի դեմ անմիջական մահափորձերից, անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրա հասցեին հնչեցված սպառնալիքները: 10 տարվա ընթացքում Թուրքիայի արմատական կազմակերպությունների անդամները սպառնացել են Էրդողանի հետ հաշվեհարդար տեսնել նվազագույնը 342 անգամ:
Հիշեցնենք, որ ներկայիս դրությամբ Թուրքիայի վարչապետի պաշտոնն ամենատևական ժամկետով զբաղեցրել է Ադնան Մենդերեսը, որին զինվորականները 1960 թվականի մայիսի 27-ին գահընկեց արեցին, և որը կախաղան բարձրացվեց 1961 թվականի սեպտեմբերի 17-ին Մարմարա ծովի Իմրալը կղզում: Մենդերեսը Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 22.05.1950-27.05.1960 ժամանակահատվածում՝ ընդհանուր առմամբ 10 տարի և 5 օր:
Մինչդեռ այսօրվա դրությամբ Էրդողանի ցուցանիշը կազմում է 9 տարի և 317 օր: Էրդողանը Թուրքիայի վարչապետ է դարձել 2003 թվականի մարտի 14-ին՝ 2002 թվականի նոյեմբերի 3-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հաղթանակի արդյունքում: Սա նշանակում է, որ արդեն մարտի վերջին Էրդողանը կգերազանցի Թուրքիայի վարչապետի պաշտոնում Ադնան Մենդերեսի երկարակեցության ռեկորդը: