Վարդան Սեդրակյանին տրամադրվեց 3 օր
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում որոշեց երեք օր ժամանակ տրամադրել ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին՝ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների խախտումները վերացնելու համար։ Նշված ժամկետը լրանում է հունվարի 28-ին։
Ինչպես տեղեկացրել էինք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով իրականացրած հերթական շրջայցի արդյունքում հունվարի 24-ին արձանագրել էր հատուկ առանձնացված տեղերում ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի կողմից փակցված քարոզչական պաստառների վրա պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկության բացակայության փաստ: Այդ տվյալների առկայությունը Ընտրական օրենսգրքի պահանջն է: Շրջայցի ընթացքում հայտնաբերվել են նաև նույն թեկնածուի քարոզչական պաստառները ԸՕ-ով չնախատեսված տեղերում փակցված լինելու բազմաթիվ դեպքեր:
Արձանագրված խախտումների կապակցությամբ ԿԸՀ-ն հարուցել է կարգապահական վարույթ, ինչը քննարկելու համար այսօր հրավիրվել էր նիստ, որին մասնակցում էին նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Վ. Սեդրակյանի վստահված անձինք։ Վերջիններս տեղեկացրին, որ ԿԸՀ-ի նկատած խախտումը վերացվել է, փակցված քարոզչական պաստառները հեռացվել են եւ Իրենց նախընտրական թիմը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ, իսկ առաջիկա մեկ, երկու օրերին կհեռացվեն նաև մի շարք մարզերում փակցված պաստառները: Սրանք կփոխարինվեն արդեն նորերով, որոնք կհամապատասխանեն ընտրական օրենսգրքի պահանջներին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր որոշեց դիմել նաեւ Երեւանի քաղաքապետին՝ ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթների խախտմամբ փակցված ՀՀ նախագահի թեկնածուի քարոզչական պաստառներն անհապաղ վերացնելու համար։ ԿԸՀ-ի որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելուց հետո՝ հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելու պահից։ ԿԸՀ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ օրացուցային երեք օրվա ընթացքում։