Կանադական մետաղադրամներ` Սերժ Սարգսյանին
ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հունվարի 22-ին նախընտրական հանդիպում էր ունեցել Սյունիքի մարզկենտրոն Կապանում: Կապանցիներից շատերը 168.am-ին ասացին, որ քարոզարշավից նախագահը դժգոհ էր մնացել: Դժվար է ասել, թե ինչով է պայմանավորված դժգոհությունը։ Առավելևս, որ Կապանի հրապարակում հավաքվել էին մեծ թվով մարդիկ՝ նախագահի հետ հանդիպելու համար։ Սակայն իրենք՝ կապանցիները, նշում են, որ մարդկանց հարկադրաբար էին տարել հրապարակ, ինչպես ընդունված էր նախորդ ընտրություններին: Կապանում երկրի նախագահն այցելել էր նաև Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ, ինչին մամուլն արդեն անդրադարձել է: Ուշագրավն այն է, որ ընկերությունում հանդիպման մասին տեղեկատվությունը ընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը տարածում է հանդիպումից երեք օր հետո: Հանդիպմանը ներկա են եղել նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը և այլ պաշտոնյաներ: «Դինո գոլդի» վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանն էլ ընկերության անունից կանադական մետաղադրամներ է նվիրել Ս. Սարգսյանին: «Այնուհետև նախագահի և ընկերության ներկայացուցիչները զրուցեցին տարբեր հարցերի և խնդիրների շուրջ: Հանդիպումը տևեց մոտ 45 րոպե և անցավ մտերմիկ միջավայրում»,- նշված է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ, որտեղ, կարծես, առանցքը ոչ թե այդ «մտերմիկ» հանդիպմանը քննարկված հարցերին, խնդիրներին անդրադառնալն էր, այլ նախագահին մետաղադրամներ նվիրելու փաստի հիշատակումը: Մինչդեռ կապանցիներին հետաքրքրում էին շատ հարցեր, ինչպես օրինակ, երկրի նախագահն արդյո՞ք անդրադարձել է ընկերության՝ Շահումյանի բազմամետաղային հանքի բաց եղանակով շահագործմանը, արդյո՞ք նա կողմ է այդ որոշմանը, թե՞ ոչ: Այդ մասին պաշտոնական հաղորդագրություններում ոչ մի խոսք չկա։