Բաժիններ՝

ՀՀ ԳԱԱ-ի և ՌԴ-ի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև համագործակցության համաձայնագիր է կնքվել

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) և ՌԴ-ի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) (ք. Դուբնա) միջև կնքվեց գիտության, նորամուծությունների և կրթության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր: Այն ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և ՄՀՄԻ-ի տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վիկտոր Մատվեևը: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:

Համագործակցության ուղղություններն են` տարրական մասնիկների ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, խտացված վիճակի ֆիզիկայի, նյութաբանության, նանոտեխնոլոգիաների, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում համատեղ հետազոտությունների զարգացման ուղղությամբ համադասված գործողությունների և փոխհամաձայնեցված միջոցների ձեռնարկումը, համատեղ գիտական խմբերի և կոլեկտիվների ստեղծումը և այլն:

Ինչպես հանդիպման ընթացքում նշել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, դեռ խորհրդային տարիներից սկսած լավ նախադրյալներ կան համագործակցության համար: Հայ ֆիզիկոսները մասնակցում են ՄՀՄԻ-ի ծրագրերի իրականացմանը, գիտաժողովներին, փորձի փոխանակմանը: Ներկայումս ՄՀՄԻ-ում աշխատում են ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտնականները: ՄՀՄԻ-ի տնօրեն Վիկտոր Մատվեևը ներկայացրեց հեռանկարային գիտական ուղղությունները, որոնք այժմ առաջնահերթային են ՄՀՄԻ-ի համար և հայ գիտնականներին հրավիրեց մասնակցել ինստիտուտի աշխատանքներին: Ռադիկ Մարտիրոսյանը Վիկտոր Մատվեևին հրավիրեց մասնակցելու ՀՀ ԳԱԱ-ի 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, որոնք տեղի կունենան 2013թ. հոկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս