Ջենիֆեր Լոպեսի նվերները. ոսկյա բարձրախոսից՝ մինչև ադամանդյա զուգարանակոնք (լուսանկարներ)
Աշխարհի ամենագեղեցիկ և ամենասեքսուալ կանանցից մեկը համարվող Ջենիֆեր Լոպեսը հաճախ յուրահատուկ նվերներ է ստանում ոչ պակաս հայտնի աստղերից: Լոպեսի ստացած նվերների շարքում ամենաինքնատիպը դերասան Բեն Աֆլեկի կողմից նրան մատուցած անակնկալն է եղել: Վերջինս 43-ամյա երգչուհուն նվիրել է թանկարժեք քարերով զուգարանակոնք. այն զարդարված է ադամանդներով, մարգարիտներով, սուտակով: Անսովոր նվերը դերասան Բեն Աֆլեկն իր ձեռքով է պատրաստել:
Զուգարանակոնքը գնահատվում է մոտ 105 հազար դոլար: Սակայն դա Բեն Աֆլեկի միակ թանկարժեք նվերը չէ: Դերասանը Ջենիֆերին մեկ այլ առիթով 225 000 դոլար արժողությամբ մեքենա է նվիրել:
Երգիչ Մարկ Էնթընին իր և Ջենիֆերի զույգ երեխաների ծնունդից հետո երգչուհուն 2, 6 մլն դոլար արժողությամբ ադամանդե ականջօղեր է նվիրել, ինչպես նաև՝ 300 հազար դոլար արժողությամբ մատանի`զարդարված դեղին ադամանդով: Սակայն Էնթընիի ամենաթանկ նվերը Ջենիֆերին շատերը համարում են երգչուհու անունով ձեռքին արված դաջվածքը:
Մեկ այլ թանկարժեք իր Լոպեսին նվիրել է դիզայներ Ռոբերտ Մուավադան: Խոսքը 50 հազար դոլար արժողությամբ թանկարժեք զարդերի մասին է:
Երեկույթներից մեկին ներկայանալու համար Լոպեսը հայտնի դիզայներից մի քանի զարդեր է վերցրել: Երեկույթի ավարտից հետո, սակայն, Ջենիֆերը չի շտապում վերադարձնել վերցրած իրերը: Երգչուհին մի առիթով ասել է, որ դիզայներն ինքն է զարդերը նվիրել իրեն, սակայն Ռոբերտ Մուավադան պնդում է, որ զարդերը երգչուհուն տվել է` վերադարձնելու պայմանով: Հետագայում դիզայները զիջել է երգչուհուն և նրան է նվիրել 50 հազար դոլար արժողությամբ զարդերը:
Պակաս ինքնատիպ չէ եղել ռուսական օլիգարխ, ազգությամբ ադրբեջանցի Թելման Իսմաիլովի նվերը Լոպեսին: Վերջինս, ինչպես հայտնի է, Լոպեսին հրավիրել էր Մոսկվա` երգելու իր 50-ամյակի միջոցառման ժամանակ: Հենց այդ երեկույթի ընթացքում էլ նա Ջենիֆեր Լոպեսին նվիրել է ոսկյա բարձրախոս, որը զարդարված է ադամանդե քարերով: Մոսկվայից երգչուհին հեռացել է ոսկյա բարձրախոսով ու 2 մլն դոլարի հասնող հոնորարով: