Բաժիններ՝

«Նազենի ջան. նախանձն ու խանդը երկվորյակներ են…». Արմեն Աշոտյան

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նազենիի Հովհաննիսյանի արտահայտության հետ կապված աղմուկին։ Նշենք, որ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ  որտեղ ՀՀԿ-ի նախընտրական միջոցառման ժամանակ հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի գալուստը համեմատում է Կարմիր ծովից Մովսեսի գալստյան հետ։

«Իսկ ծովը վերջում փակվում է…

Մեր վայ-ընդդիմախոսների ստեղծագործական փայլատուկումները այլևս սահմանափակվում են հասարակության մեջ դեռևս առկա և ամբողջապես չլուծված խնդիրների մասին սիրողական տեսաշարի պատրաստումով:

Նման տեսախեղաթյուրանք կարելի է ստանալ ամեն երկրում: Ամեն երկրում էլ կլինեն մարդիկ, ում կենցաղայաին, սոցիալական և այլ խնդիրները տեսաշարով կարելի կլիներ հակադրել Օբամայի, Օլանդի կամ Մերկելի նախընտրական հոլովակներին:

Ինչ վերաբերում է Նազենիի, Մովսեսի և Կարմիր ծովի շուրջ ծավալված խոսակցություններին, ապա ասեմ հետևյալը:

Մեր ընդդիմախոսների շարքերում, իհարկե, կան նաև ինտելեկտուալ և բարոյական մարդիկ, որոնք չեն անցնում պարկեշտության, բարեկրթության և բարոյականության սահմանները:

Իսկ մնացածի ցածրակարգ թույնը բլոգոլորտ է ներզատվում այլևս անկախ առիթից, միևնույն բառապաշարով, միատեսակ մաղձաբարբաջ և լեղալեզու տեսականիով:

Ի հեճուկս նրանց, տեսահոլովակի «Մովսեսը» Սերժ Սարգսյանը վստահաբար հասցնելու է իր` ավետյաց հողում ապրող ժողովրդին դեպի ապահով Հայաստան:

Ու մեզ հետ են լինելու անգամ նրանք, ով մեզ չի հավատում այսօր, բայց վայելելու է մեր համատեղ աշխատանքի պտուղները վաղը:

Հ.Գ. Նազենի ջան. նախանձն ու խանդը երկվորյակներ են, որ ծնվում են հաջողակ մարդկանց զուգահեռ և ուղեկցում նրանց ողջ կյանքի ընթացքում: Ես ու դու դա լավ գիտենք»,- գրել է Ա. Աշոտյանը:

Ավելացնենք, որ Yerevannews.am-ի հետ զրույցում դերասանուհին ժխտել է, որ իր խոսքը վերաբերում էր Սերժ Սարգսյանին. «Ես նման բան չեմ ասել ու չգիտեմ, թե ինչ են սարքել: Ես ասել եմ, երբ որ դուք բացվում եք, կարծես լինի Մովսեսի գալուստը: Այսինքն՝ հանդիսասրահում մեջտեղը բացվելու մասին է եղել:Սերժ Սարգսյանի անունը ես չեմ տվել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս