ՖԻՖԱ-ն թույլատրեց. Արտյոմ Խաչատուրովը երկար է սպասել այս օրվան (տեսանյութ)
Մոլդովական «Շերիֆի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովը պաշտոնապես իրավունք է ստացել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ից ստացել է պաշտոնական նամակ, որտեղ նշված է, որ Արտյոմ Խաչատուրովի՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու հայցը բավարարվել է: ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցացրույցում Խաչատուրովը նշել է, որ մեծ անհամբերությամբ է սպասում Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր առաջին հանդիպմանը.
«Մեծ ուրախություն ապրեցի, երբ իմացա, որ բոլոր հարցերը կարգավորվել են, և ես այսուհետ կարող եմ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Ես երկար եմ սպասել այս օրվան, և հիմա, կարելի է ասել, որ իմ երազանքն իրականացավ: Չնայած տղաներից ոչ մեկի հետ անձամբ ծանոթ չեմ, բայց բոլորին էլ գիտեմ, քանի որ մշտապես հետևել եմ Հայաստանի հավաքականի բոլոր խաղերին: Մեծ անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ խաղադաշտ դուրս կգամ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»:
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացավ ՀՖՖ Հավաքականների բաժնից, Արտյոմ Խաչատուրովը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու փետրվարի 5-ին կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպմանը:
Նյութը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը