
Ես չեմ միջամտել Չախալյանի ազատ արձակման հարցին. Բիձինա Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Դավոսում լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատ արձակումը: Իվանիշվիլին վստահեցրել է, որ չի միջամտել Չախալյանի ազատ արձակման հարցում:
Իվանիշվիլիի խոսքերով՝ Վահագն Չախալյանի ազատ արձակման հարցը բարձրացրել է Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, սակայն ինքն այդ հարցը հասցեագրել է ուրիշին. «Հավատացեք, որ ես չեմ միջամտում այն հարցերին, որոնք չեն վերաբերում ինձ:
Ես չեմ որոշում բանտարկյալների ազատ արձակման հարցը: Ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ որոշում կայացնում էր մեկ մարդ: Ես նույն րոպեին հարցը հասցեագրեցի Սոզար Սուբարիին (Վրաստանի պատիժների իրագործման և իրավական օգնության նախարար – 168.am) և նա պատասխանեց: Ես անգամ չեմ հիշում, թե նա ինչ է պատասխանել»: