
Աֆղանստանում վիրավորվել են վրացի զինծառայողներ

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանում ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ վիրավորվել է երեք վրացի զինծառայող: Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ պարեկություն կատարելիս հարձակման են ենթարկվել կապրալ Էրեկլե Խարշիդազեն և կրտսեր սերժանտ Յագո Կակուլիան: Երկու զինծառայողներն էլ հրազենային թեթև վնասվածքներ են ստացել: Նրանց վիճակը գնահատվում է կայուն, նրանք բուժում են ստանում Գերմանիայում:
Բացի այդ, պարեկության ժամանակ հակահետևակային ականի վրա պայթել է շարքային Գուրամ Չիմախիձեն, ինչի հետևանքով զինծառայողը ծանր վիրավորվել է: Նրան տեղափոխել են հոսպիտալ և շուտով բուժման նպատակով կուղարկեն Գերմանիա: Նրա վիճակը գնահատվում է կայուն:
Հիշեցնենք, որ Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի տվյալներով 2010-2012 թվականներին Աֆղանստանում վիրավորվել է 93 վրացի զինծառայող: 2010 թվականին վիրավորվել է 20 զինծառայող, 2011 թվականին՝ 44 զինծառայող, իսկ 2012 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ՝ 29 զինծառայող:
Վրաստանն Աֆղանստանում տարվող խաղաղապահ օպերացիաներին մասնակցում է 2009 թվականի նոյեմբերից: Ներկայիս դրությամբ Աֆղանստանում է գտնվում ավելի քան 1600 վրացի զինծառայող: Աֆղանստանում զոհվել է 19 վրացի զինծառայող, որոնցից 8-ը՝ 2012 թվականին: