
Նոր իշխանություններն ազատել են Վրաստանի պետականության դեմ պայքարի խորհրդանիշին. Մերաբիշվիլին Չախալյանի ազատման մասին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար, նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին մեկնաբանել է համաներման միջոցով ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատ արձակումը.
«Նոր իշխանությունները գաղտնի ազատել են Վրաստանի պետականության դեմ պայքարի խորհրդանիշին: Չախալյանը վերջին տարիներին հանդիսացել է Ջավախքում հայկական անջատողականության գաղափարախոսը:
2003-2008 թվականներին նա պայքարել է Վրաստանի ուժեղացման, ռուսական բազաների դուրս բերման, Ջավախքի տնտեսական, քաղաքական ու սոցիալական ինտեգրման դեմ: Չախալյանը հանդիսացել է ռուսական ռազմական հետախուզության անթաքույց էմիսար: Չախալյանը Ջավախքում Վրաստանի պետականության գլխավոր թշնամին է:
Նախագահի աշխատակազմը և Անվտանգության խորհուրդը Չախալյանի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն են ներկայացրել Իվանիշվիլիին և չնայած դրան՝ նոր իշխանությունն ընդունել է ընտրություններից հետո ամենածանր որոշումը»:
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը բանտից ազատ է արձակվել երեկ: Նա Վրաստանում ձերբակալվել է 2008 թվականին և մեկ տարի անց զանգվածային անկարգություններ կազմակերպելու, սառը զենք կրելու և խուլիգանության մեղադրանքներով դատապարտվել է 10 տարի ազատազրկման: