
Ադրբեջանը մոտ ժամանակներս վերսկսելու է Ռուսաստանի ու Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքները

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս կվերսկսվի Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև պետական սահմանների սահմանազատման գործընթացը: Այս մասին հայտարարել է Հողի ու քարտեզագրության պետական կոմիտեի նախագահ Ղարիբ Մամեդովը: Վերջինս ընդգծել է, որ սահմանազատման գործընթացի վերսկսման մասին որոշումն արդեն իսկ կայացված է:
Մամեդովը հավելել է, որ վերսկվելու է նաև Վրաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը: Մամեդովի խոսքերով՝ վրաց-ադրբեջանական սահմանի երկարությունը կազմում է 480 կիլոմետր, որից համաձայնեցրած է 300 կիլոմետրը: Մնացյալ 180 կիլոմետրանոց հատվածը պետք է դիտարկվի համապատասխան հանձնաժողովների մակարդակով և ստանա փաստաթղթային տեսք:
Հիշեցնենք, որ Վրաստանն ու Ադրբեջանը լուրջ տարաձայնություններ ունեն սահմանային Դավիթ Գարեջիի վանական համալիրի պատկանելության շուրջ, որը գտնվում է Թբիլիսիից 60 կիլոմետր դեպի հարավ-արևելք: