Րաֆֆի Հովհաննիսյանը գործող նախագահից պահանջել է «կարգի հրավիրել» իր ենթականերին

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանից պահանջել է «կարգի հրավիրել իր ենթականերին»: Այս մասին փոխանցում է mediamax.am-ը:

Ամփոփելով քարոզարշավի առաջին շաբաթը` նախագահի թեկնածուն անդրադարձել է կրթության նախարար Արմեն Աշոտյանի` Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած գրառմանն այն մասին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզչություն է իրականացրել կրթական հաստատությունում:

«Շատ խելոք, խելացի, խորամանկ երիտասարդ նախարարը իրեն թույլ տվեց իր ֆեյսբուքյան գրառումով սուտ գրանցել: Չեմ հանդուրժելու նրա սուտը եւ ցանկացած այլ մարդու կեղծիք: Եթե կա բարոյականության նվազագույն շեմ, ապա նախարարն ինքն այդ ստի դիմաց պետք է դիտարկի սեփական հրաժարականը»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Թեկնածուի փոխանցմամբ, բուհի գրադարանին գիրք նվիրելը քարոզչություն չէ, եւ, չնայած նրան, որ Արմեն Աշոտյանը մերժել է իր խնդրանքը` որպես թեկնածու ուսանողների հետ հանդիպում ունենալու համար, դիմելու է բոլոր բուհերի ռեկտորներին` խնդրելով հավասար պահամաններով իրեն հնարավորություն տալ հանդիպել իր ուսանողների եւ դասախոսների հետ:

Կարդացեք նաև

Նախագահի թեկնածուն  նշել է նաև, որ գործող նախագահը պետք է տեղյակ լինի ներկայումս իրականացվող «հակասահմանադրական արշավին»:

«Քաղաքապետարանում հավաքվում են դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ եւ ուղղակի կամ անուղղակի հրահանգ է իջեցվում, թե ինչպես պետք է քվեարկեն: ԵՊՀ-ում, եթե ոչ մյուս բուհերում, բաժանվում է իշխող կուսակցության թեկնածուի շարֆերը,  հրամանատարներից ոմանք արդեն հավաքում են զինվորներին, ընտանեկան նպաստի աշխատակիցներ շրջում են դռնեդուռ. չեմ կարող հավատալ, որ գործող նախագահը եւ մեր հիմնական մրցակիցը տեղյակ չէ այս ամենից: Պահանջում եմ, որ հարգարժան պարոն Սարգսյանը զեկույցով հանդես գա` արդյո՞ք ճիշտ է այդ տեղեկությունը», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

mediamax.am

Տեսանյութեր

Լրահոս