ԵՄ-ի ու Ադրբեջանի համագործակցությունը կախված է լինելու վերջինիս ստանձնած պարտավորությունների կատարումից. Ֆյուլե
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ Ստրասբուրգում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանում կան իրենց համոզմունքների համար ձերբակալված անձինք, ինչը մտահոգում է ոչ միայն ԵԽ-ին, այլև՝ ԵՄ-ին:
Ֆյուլեն այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին: Ֆյուլեի խոսքերով՝ ԵՄ-ի ու Ադրբեջանի համագործակցությունը կախված է նրանից, թե Ադրբեջանը որչափ է կատարելու ստանձնած պարտավորությունները, ինչը մասնավորապես առնչվում է ազատ արտահայտվելուն և ընդդիմության հետ հարաբերություններին:
Անդրադառնալով «սառեցված» հակամարտությունների կարգավորման խնդրին՝ Ֆյուլեն հայտարարել է, որ դրանց լուծման համար պետք է մեծապես շեշտը դնել վստահության ամրագրման վրա, ինչի համար էլ ԵՄ-ը հավելյալ ջանքեր է գործադրում այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղն ու Մերձդնեստրիեն:
Հիշեցնենք, որ Ալիևների ընտանիքն Ադրբեջանը ղեկավարում է 1993 թվականից: 2009 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանրաքվեի միջոցով վերացրեց երկու անգամից ավելի նախագահ ընտրվելու վրա դրված սահմանափակումը և պատրաստվում է հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներով երրորդ անգամ դառնալ երկրի նախագահ: Ինչպես ընդգծում է ադրբեջանական ընդդիմությունը, Ադրբեջանը Եվրոպայի միակ դինաստիական ռեժիմն է: