
Վերականգնվեց նախկին փոխադրավարձը

Հաշվի առնելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի առաջարկությունը և եզրակացությունը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հունվարի 24-ի հրամանով Երևան-Վանաձոր և Վանաձոր-Երևան ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղիներում վերականգնվել է նախկին փոխադրավարձը՝ 1200 դրամ։ Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիների մոտ դժգոհություն էր առաջացրել 2012թ. հունիսին, Երևան-Վանաձոր և հակառակ ուղղությամբ՝ Վանաձոր-Երևան, միկրոավտոբուսային երթուղիներում փոխադրավարձի բարձրացումը: Այն 1200 դրամից դարձել էր 1400 դրամ։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բողոքների հիման վրա ուսումնասիրել Էր Երևան-Վանաձոր-Երևան թիվ 403 երթուղին սպասարկող «Գասուռ» և Վանաձոր-Երևան-Վանաձոր թիվ 404 երթուղին սպասարկող «Ոսկեթև» ընկերությունների գործունեությունը` գնային փոփոխության պատճառը պարզելու նպատակով: Սակագնի փոփոխությունը ուղևորափոխադրողները պատճառաբանել էին վառելիքի և ավտոպահեստամասերի թանկացմամբ:
Սակայն ՏՄՊՊՀ ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում ուղեվարձի ձևավորման վրա ազդող որևէ գործոն էականորեն չի փոփոխվել:
Հարկ է նաև նշել, որ բոլոր մյուս երթուղիների սակագները մնացել են անփոփոխ:
Քանի որ խնդիրը առաջնահերթ գտնվում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում՝ հանձնաժողովը հունվարի 22-ին հայտարարել էր, որ վերոնշյալ ուսումնասիրությունների հիման վրա կդիմի նախարարությանը՝ ուղեվարձը նվազեցնելու և նախկին գինը վերականգնելու, այսինքն 1400 դրամից 1200 դրամ դարձնելու միջնորդությամբ:
«Փաստինֆո»