
«Դասական քարոզարշավ չի լինի, մինչև չլուծվի ամենակարևոր խնդիրը».Ա.Մելիքյան

ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը կարծում է, որ մինչև չլուծվի առաջիկա նախագահական ընտրությունների օրինականության հարցը, չի կարելի խոսել ոչ ծրագրերից, ոչ էլ քարոզարշավ իրականացնել:
«Դասական քարոզարշավ չի լինի, մենք չենք քարոզելու մեր ծրագրերը՝ քաղաքական, սոցիալական և տնտեսական մասով, մինչև չլուծվի ամենակարևոր խնդիրը, մինչև մենք չիմանանաք, թե Հայաստանում որքան են մնացել ձայնի իրավունք ունեցող քաղաքացիներ»,-նշեց թեկնածուն: Նա ասաց, որ իրենց գործողությունների վերաբերյալ ժամկետի սահմանափակում չեն կիրառելու, քանի որ ընտրությունները կարող են անօրինական համարվել թե մինչև ընտրությունները, թե բուն ընտրությունների օրվա ընթացքում: Նա նշեց, եթե անգամ լուծվի Հայաստանից հեռացված ընտրողների վերաբերյալ տեղեկատվության խնդիրը, բայց բուն ընտրության օրը լինեն կեղծիքներ, լցոնումներ, ինքը դարձյալ ընտրություններն իրավաչափ և օրինական չի համարի:
Նա հավանական չհամարեց, որ կարող է ինքնաբացարկ հայտնել, քանի որ դա ևս քաղաքական առումով նվազ արդյունավետ ճանապարհ է: Արման Մելիքյանը հայտարարեց, որ իրենք իշխանություններին առաջարկում են երկխոսություն, բայց եթե իշխանությունները պատրաստակամ չլինեն, իրենք միայնակ կհավաքեն անհրաժեշտ տեղեկատվությունը: Արման Մելիքյանի կարծիքով, իշխանությունների համար այդքան էլ դժվար չէ տեղեկություն հավաքել Հայաստանցի հեռացած ընտրողների վերաբերյալ. պետք է ընդամենը դիմել գյուղապետերին և շենքերի լիազորներին, և երկու շաբաթվա ընթացքում տեղեկատվությունը պատրաստ կլինի:
168.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ մինչ այժմ իշխանությունները չեն ճշգրտել ընտրացուցակները և ինչո՞ւ պիտի հիմա շահագրգռված լինեն տրամադրել պահանջված տեղեկատվությունը, նախագահի թեկնածուն հայտարարեց, թե նախկինում որևէ մեկն իշխանությունների առաջ նման պահանջ չի դրել:
«Նման ձևակերպմամբ պահանջ իրենց առջև որևէ մեկը չի դրել։ Կամ ասել են՝ դուք սխալ եք և մենք ձեզ չենք ընդունում, ամ պարզապես ընդունել են առանց նախապայմանի: Մենք օրակարգն ենք առաջարկում, որովհետև բոլորի համար հասկանալի է, որ ստի վրա կառուցված իշխանությունը երկար կյանք ունենալ չի կարող: Ես չեմ ցանկանում միանգամից մերժել իշխանության արձագանքելու հնարավորությունը: Այդ հնարավորությունը տրված է, ընդ որում տրված է կառուցողական դաշտում, արդյունք գրանցելու նպատակով, մի արդյունք, որը պետք է օգտակար լինի բոլորիս, այդ թվում և իշխանություններին»,-ասաց թեկնածուն:
Արման Մելիքյանը շեշտեց, որ իր պահանջը ոչ թե իրավական, այլ քաղաքական շրջանակներում լուծվելիք խնդիր է: