Ծաղկաձորում ապօրինի գործող հյուրանոցային համալիր է հայտնաբերվել
Պետական եկամուտների կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներն օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի հետ համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հարկային դաշտից դուրս գործող հյուրանոցային տնտեսություն են հայտնաբերել Ծաղկաձորում: Պարզվել է, որ ստվերային հանգստյան գոտին պատկանում է անհատ ձեռներեց Ահարոն Հայրապետյանին, ով երկար տարիներ զբոսաշրջային կենտրոնում` Իսահակյան 9 հասցեում հյուրանոցային ծառայություն է մատուցել զբոսաշրջիկներին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ Ահարոն Հայրապետյանը թեպետ դեռևս 2009 թվականին Հրազդանի ՏՀՏ է հանձնել պետական գրանցման վկայականը, սակայն շուրջ 4 տարի շարունակել է հյուրանոցային ծառայություններ մատուցել այցելուներին` միաժամանակ շրջանցելով հարկային դաշտը: Ստվերային հյուրանոցը բաղկացած էր 12 կահավորված սենյակներից, որից 4-ն ընտանեկան են, իսկ գիշերավարձը կազմել է 20 000 մինչև 45 000 դրամ:
Ահարոն Հայրապետյանն այս տարիների ընթացքում ոչ միայն թաքցրել է իրացման շրջանառությունն, այլև խուսափել է հարկային պարտավորությունների կատարումից: Ավելին, իրականացված գործունեության վերաբերյալ անհատ ձեռնարկատերը որևէ հաշվարկ, հաշվետվություն հարկային մարմին չի ներկայացրել: Թաքցված շրջանառության ծավալները, արդյունքում առաջացած և պետբյուջե չվճարված հարկերի չափը ճշտվում է:
Մեկ այլ դեպքով էլ հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները Կոտայքի մարզում են անօրինական գործունեություն հայտնաբերել: Այսպես, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում նրանք պարզել են, որ Պռոշյան համայնքի Չաուշի 99 հասցեում գտնվող առևտրի սրահում «Ար-Արին» ՍՊԸ-ի լիազորված անձ Արման Գիգոլյանը, հարկային դաշտից դուրս իրականացրել է դրամային շահումով խաղերի կազմակերպում: Ստվերային խաղատանը գործել է 7 խաղային ավտոմատ, որոնց գործունեության վերաբերյալ համապատասխան ելակետային տվյալները Արման Գիգոլյանը չէր ներկայացրել հարկային մարմին:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին