«Ժողովուրդ». Փորձում են փակել, սնանկացնել մեզ
««X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը՝ նույն ինքը` Ձվերի Խաչիկը, հունվարի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով իր ու «Երևանի թռչնաֆաբրիկայի» պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորելու և վիրավորելու համար որպես փոխհատուցում վճարել 3 մլն դրամ։ Բայց սա դեռ ամբողջը չէ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Երևանի Կենտրոն և Նորք-Մւսրաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, մասնակիորեն բավարարելով Խաչատրյանի կողմից ներկայացրած միջնորդությունները՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, որոշել է արգելանք դնել «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Ս. Գրիգորյանի գույքի վրա։ Հիշեցնենք, որ խոսքն այն գործարարի մասին է, որը վերջերս վիրավորել էր «Ժողովուրդի» թղթակցին, ինչից հետո մեր խմբագրությունը դիմել էր դատարան՝ պահանջելով ներողություն խնդրել։
Ինչպես ասում են, սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում։ Ու Ձվերի Խաչիկն իր խոսքերի համար պատասխան տալու փոխարեն ինքն է դատարան դիմում։ Իսկ Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանի «ամենաանկախ» դատարանն էլ բավարարում է գործարարի քմահաճույքները։ Սա ոչ այլ ինչ է, քան հստակ փորձ՝նախընտրական այս թոհուբոհում սնանկացնելու ճանապարհով փակել «Ժողովուրդ» օրաթերթը»։