
2013 թ. առաջին Էլ Կլասիկոն 5 օրից. Բարսելոնան հաղթում է Մալագային (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ «Մալագա» – «Բարսելոնա» պատասխան խաղում կատալոնական ակումբը 4:2 հաշվով պարտության մատնեց տանտերերին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հիշեցնենք, որ «Նոու Կամպ» մարզադաշտում կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Հանդիպման 8-րդ րոպեին հաշիվը բացեց «Բարսելոնայի» հարձակվող Պեդրոն: Ընդամենը 4 րոպե անց Խոակինը խփեց պատասխան գնդակը: 49-րդ րոպեին կատալոնացիների կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն գերազանց խաղաց կենտրոնական հարձակվողի դիրքում` ինքն իրեն և իր կնոջը` Շակիրային նվեր մատուցելով որդու ծնվելու առթիվ:
«Մալագայի» ֆուտբոլիստները ևս մեկ անգամ կարողացան վերականգնել հաշվի տարբերությունը. 68-րդ րոպեին աչքի ընկավ Ռոկե Սանտա Կրուզը: Այդուհանդերձ, հանդիպման վերջնամասն անցավ «Բարսելոնայի» կատարյալ առավելությամբ: 76-րդ րոպեին Անդրես Ինյեստան հաշիվը դարձրեց 3:2, իսկ 4 րոպե անց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին դրեց այս մրցավեճի վերջակետը:
Ընդամենը 5 օր անց կկայանա 2013 թ. առաջին Էլ Կլասիկոն. ավելի վաղ Մադրդի «Ռեալը» քառորդ եզրափակչում հաղթահարել էր «Վալենսիայի» արգելքը և սպասում էր «Բարսելոնա» – «Մալագա» զույգի հաղթողին:
Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակչում ուժերը կչափեն Մադրիդի «Ատլետիկոն» ու «Սևիլյան»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը