Արսենյանը ճիշտ է համարում չառաջադրվելու՝ Ծառուկյանի որոշումը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի խոսքով, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածություն չի առաջադրել՝ խուսափելով հասարակության մեջ քաղաքացիական բախում առաջացնելու հնարավորությունից։ Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
Գուրգեն Արսենյանի փոխանցմամբ, մեր հասարակության բարոյահոգեբանական վիճակն այնպիսին է, որ անպայման ընտրության արդյունքները վիճարկվելու էին: Իսկ Հայաստանում ընտրությունների արդյունքները վիճարկելիս քաղաքական ուժերն ու քաղաքացին ընտրում են մի ճանապարհ, որը բերում է ոչ միայն քաղաքական, այլեւ քաղաքացիական բախման։ Դա ցույց տվեցին նաեւ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը:
«Պարոն Ծառուկյանը, վերլուծելով, նաեւ քննարկելով հնարավոր սցենարները՝ ընտրության եւ հետընտրական, խուսափեց հասարակության մեջ լարում, բախում առաջացնելու հնարավորությունից,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանել է Արսենյանը՝ հավելելով, թե չի կարող այդ որոշումը սխալ համարել,- Մի որոշում, որը ուղղված է մեր փխրուն հասարակական օրգանիզմը չտանելու փորձության՝ իհարկե, կարող եմ ճիշտ համարել»։
Չառաջադրվելու իր որոշման մասին հայտարարելուց առաջ Գագիկ Ծառուկյանը հանդիպում էր ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Արձագանքելով դիտարկմանը, թե արդյո՞ք ԲՀԿ ղեկավարի վրա ճնշումներ չե՞ն եղել, մասնավորապես՝ նախագահի հետ հանդիպման ժամանակ, Արսենյանն ասել է․ «Քանի որ ես մի քիչ ավելի մանրամասն եմ տիրապետում իրադարձությունների և՛ ժամանակագրությանը, և՛ բովանդակությանը, ուզում եմ տեղեկացնել, որ այդպիսի հետեւությունը կամ ենթադրությունը չի համապատասխանում իրականությանը։ Ո՛չ, ճնշումներ չեն եղել։ Եղել է քաղաքական պայքարի նախապատրաստման գործընթաց»։
Գուրգեն Արսենյանը նշել է, որ ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ իր ղեկավարած քաղաքական ուժը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրված 8 թեկնածուներից որևէ մեկին չի պաշտպանելու՝ ընտրողին տալով ազատ ընտրության հնարավորություն:
Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ իրենք էլ նման որոշում կայացրեցին, և թե ինչու առաջադրված թեկնածուներից որևէ մեկը, նաև գործող նախագահն իրենց համար նախընտրելի չէին, Գուրգեն Արսենյանն ասել է, թե այս պահին չկա որևէ թեկնածու, ում հռչակած քաղաքական ծրագիրը և իրականացվող գործողությունների տրամաբանությունը բավարարեր իրենց:
Թեև Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը որոշել է որևէ թեկնածուի այս ընտրություններում չսատարել, ԲՀԿ-ական քաղաքապետերը, ըստ էության դեմ գնալով կուսակցության քաղաքական որոշմանը, հայտարարում են, որ իրենք սատարելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Այս փաստը տեղիք է տվել մեկնաբանությունների, որ Գագիկ Ծառուկյանը ինքն է հրահանգել տեղերում իր կառույցներին աշխատել հօգուտ Սերժ Սարգսյանի։
Գուրգեն Արսենյանը, սակայն, հերքում է այդ լուրերը և կարծիք հայտնում, որ օրինակ՝ Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը այդ որոշումը կայացրել է ոչ որպես կուսակցական, այլ որպես քաղաքացի:
«Քաղաքական հրահանգ, գործառնական հրահանգ՝ այդպիսի բան գոյություն չունի»,- նշել է Արսենյանը։
Հարցին, թե ինքը նույնպե՞ս համոզված է, որ այս ընտրությունների ելքը կանխորոշված է և նախագահ է ընտրվելու Սերժ Սարգսյանը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանել է․ «Ձեւակերպումը տամ մի քիչ ուրիշ․ բոլոր հնարավոր թեկնածուներից ամենամեծ շանսերը Սերժ Սարգսյանինն են»։
Նաև հավելել է․ «Ցանկալի կլինի, որպեսզի այս ընտրության արդյունքները արտացոլեն Հայաստանի բնակիչների կամքը։ Դա կարևոր է, որովհետև ամեն մի գործողություն, որը մարդկանց մտքերում է վիճարկվում, բերում է նրան, որ մարդկանց մոտ մեծանում է ցանկությունը հեռանալ Հայաստանից»։