Ղումարի վրա մեծացած տղայի միակ իդեալը ջոկեր լինելն է, որ բոլոր մաստերի հետ ինքը կոմբինացիա է կազմում

ՀՀ վաստակավոր մարզիչ, գործարար Հրանտ Պետրոսյանը 20 տարի առաջ հեռացել է Հայաստանից, եւ բիզնես գործունեություն ծավալել արտերկրում:  Նա, որպես կանոն, ամեն տարի Նոր տարվա օրերին վերադառնում է Հայաստան՝ ծննդավայրում՝ Գյումրիում, տոները դիմավորելու համար: ՀՀ վաստակավոր մարզիչը, ով հիմա հաջողակ գործարար է Մոսկվայում, խոստովանում է, որ ոչ մի անգամ չի կտրվել հայկական իրականությունից: Նա պատկերավոր ու գյումրեցու հումորով, բայց արդեն «դրսի» հայացքով ներկայացնում է Հայաստանի քաղաքական իրականությունը: Ներկայացնում ենք galatv.am-ի հարցազրույցը ՀՀ վաստակավոր մարզիչ, սպորտի վարպետ, գործարար Հրանտ Պետրոսյանի հետ:

– Պարո՛ն Պետրոսյան, Ձեր գնահատականները Հայաստանում ստեղծված քաղաքական իրականության մասին ՀՀ  նախագահի ընտրություններից առաջ:

– Սերժ Սարգսյանի մասին կարող եմ մի բան հաստատապես ասել, որ ինքը լավ շախմատիստ է, նա մեր քաղաքականության հետ արեց այնպես, որ էլ ասելու բան չէ… Իրա համար մի բան կա տիպիկ, որ ասեմ` էն ձեռքը, որ չես կարող կտրել, պտի պաչես ու գլխիդ դնես, դա իրա ու ժողովրդի համար է ասված ու հիմա ժողովուրդը դրան է գնում: Կպաչի ու գլխին կդնի, քանի որ կտրել չկարողացավ:

– Այսինքն, քաղաքական դաշտում ստեղծված այս վիճակի հեղինակը Դուք համարում եք, որ Սերժ Սարգսյա՞նն է միայն:

Կարդացեք նաև

-Մեր գերբի վրա առյուծ է եւ արծիվ, եթե ուշադիր եք` երկուսն էլ գիշատիչ են, մենք էլ ենք այդպես: Որքան ուզում է եվրոպական նորմեր բերեն, մեկ է, մեր գիշատիչները մյուսների խոտակերների նման չեն կարող սնվել, մենք ասիական հոգեբանություն ունենք: Նախագահ ընտրելուց կամ ինչ-որ պետ ընդունելուց առաջնորդվում ենք «ալֆա սամեց»-ին ընտրելու սկզբունքով, այնպես որ այնքան ընտրվողները մեղավոր չեն, ինչքան շքախումբը:

Մեր ամբողջ դժբախտությունն այն է, որ մեր հանրապետությունում ամենահարկի գաղափարախոսությունը գողականն է: Քաղաքականության մեջ էլ գերիշխողը էդ կանոնն է՝ գողականը: Քաղաքականության մեջ էլ այսօր ճիշտը պահողներն են, ԱԺ-ին որ նայեք, մի քանի հոգի են նստած, մնացածը շուռ են եկած. առավոտվա խաշից հետո կպատրաստվին իրիկունը քյալլա ուտելու: Մենք կհաղթահարենք, դուրս կգանք այս վիճակից, երբ հասկանանք, որ լավ տղան գողացողը չէ, այլ ստեղծողն է:

– Պարո՛ն Պետրոսյան, բայց չե՞ք նկատում, որ իշխանությունները փորձում են որքան հնարավոր է շուտ ազատվել նմանատիպ կադրերից, փորձում են ներմուծել, ստեղծել նոր տիպի իշխանավորի կերպար՝ ավելի լիբերալ հայացքներով, ավելի զուսպ…

– Գիտեմ, դրանց իրանք անվանում են երիտհանրապետական կամ չգիտեմ՝ ինչ, բայց ես սրա վրայով մի օրինակ բերեմ: Էս կարգի խոսք կա, որ ասում են՝ մենք չունենք չեչենի դուխը, չունենք եվրեի խելքը, ունենք հայի շուստրիությունը, այսինքն, հարցը էն է, որ մենք փոքր ժամանակվանից դրսի-ներսի խելք ունենք, էն փոքր ժամանակ, որ մեզ մանկապարտեզը շոկոլադ էին բաժանում, մենք հասկանում էինք, որ ստուգող է եկել: Հիմա սա է, մենք հասկանում ենք, թե էդ սերնդափոխությունը ինչ է նշանակում…

Եվ ասեմ, որ անընդհատ ցուցամոլությունը, որ անընդհատ ինչ-որ բան պիտի փոխվի, հերթական երազախաբություն է, քանի որ բան չի կարող փոխվել, ուղղակի չի կարող, քանի դեռ մեզ մոտ «զակոն ջունգլին» է:

Էդ նշանները դոշին տղեքը, խոսքս միայն ՀՀԿ-ականներին չի վերաբերվում, էդ շողշղան տղեքը ինձ մեր կոմսոմոլն են միայն հիշեցնում, այսինքն ոնց որ կոմունիստներից հետո երիտկոմունիստները եկան, մինչեւ հիմա ոչ մի բան չի փոխվել, էդ կոմսոմոլների ձեռքն ենք: Եվ ուրիշ ոչինչ չենք էլ սպասում՝ ղումարի վրա մեծացած տղայի միակ իդեալը դա ջոկեր լինելն է, որ բոլոր մաստերի հետ ինքը կոմբինացիա է կազմում: Էդ հոգեբանությունն է, իսկ եթե ինքը ուզում է ինչ-որ բան փոխել, դա պտի լինի՝ ոնց որ Սահակաշվիլին արեց հարեւան երկրում:

galatv.am

 

Տեսանյութեր

Լրահոս