British Petroleum-ը գնել է Թուրքիայում կառուցվելիք TANAP գազատարի բաժնետոմսերի 12 տոկոսը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական British Petroleum (BP) ընկերությունը Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ շրջանակային համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի տարածքում կառուցվելիք «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի բաժնետոմսերի 12 տոկոսի գնման մասին:
Այս մասին երեկ հայտարարել է BP-Azerbaijan ընկերության փոխնախագահ Ալասդեր Կուկը: Վերջինիս խոսքերով՝ տվյալ համաձայնագիրը ստորագրվել է նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին, երբ Ադրբեջան էր այցելել BP-ի նախագահ Ռոբերտ Դադլին: Նա հավելել է, որ BP-ն հարյուր տոկոսով վստահում է TANAP գազատարին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արևելյան սահմանից դեպի արևմտյան (թուրք-բուլղարական) սահման կառուցվելիք TANAP գազատարը սկզբնական շրջանում ունենալու է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր թողունակություն, որից 10 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է Եվրոպայի, իսկ 6 միլիարդ խորանարդ մետրը՝ Թուրքիայի համար:
Խողովակաշարը շահագործման է հանձնվելու 2017 թվականի վերջին, դրանով մատակարարվելու է ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրի մշակման երկրորդ փուլում ստացվելիք գազը: Մինչ այս խողովակաշարում SOCAR-ի մասնաբաժինը կազմում էր 80, իսկ թուրքական BOTAŞ ընկերության մասնաբաժինը՝ 20 տոկոս:
Ավելի վաղ SOCAR-ը հայտարարել էր, որ պատրաստ է երրորդ կողմին վաճառել նախագծում իր բաժնեմասի 29 տոկոսը (իրեն պահելով խողովակաշարի ողջ բաժնեմասի 51 տոկոսը): Դրանից հետո խողովակաշարի բաժնետոմսերի 12ա-ական տոկոսի գնման իրենց պատրաստակամության մասին էին հայտարարել BP և Statoil, իսկ 5 տոկոսի մասին՝ Total ընկերությունները: