Այսօրվա իրավիճակը 180 աստիճանով տարբերվում է 5 տարի առաջվա իրավիճակից. ՀՀԿ-ական պատգամավոր
«Այն իրավիճակը, ինչ ունեինք հինգ տարի առաջ և ինչ հիմա տեսնում ենք այս նախագահական ընտրություններին, բոլորովին տարբեր է՝ 180 աստիճանով տարբերվում է մեկը մյուսից»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Անդրադառնալով առաջադրված թեկնածուների ծրագրերին, Արտակ Դավթյանն ասաց, թե իր կարծիքով, հիմնական թեկնածուների ներկայացրած ծրագրերը որակական առումով, օրինակ՝ Հրանտ Բագրատյանինը, չեն զիջում միմյանցից: Ավելին, Դավթյանը համարում է, որ Հ. Բագրատյանի ծրագիրը «գուցե ավելի վատը չէ, քան նախկինում ՀԱԿ առաջնորդինը»:
Արտակ Դավթյանը համոզած է, որ Բագրատյանի ծրագրային դրույթների մեծ մասը, ՀՀԿ-ն կամ գոնե նախկին կառավարությունը իրականացրել են: Մասնավորեցնելով Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրի վերաբերյալ իր կարծիքը, ՀՀԿ-ական պատգամավորն նշեց. «100 կետից 21-ը, խոսքը 57-77 կետերի մասին է, որոնք բանկայաին փոփոխություններին են վերաբերում: Կցանկանայի ճշտել, արդյո՞ք Կենտրոնական բանկը, կամ բանկային համակարգն ավելի է կարևորվում, քան արտաքին քաղաքական հարցադրումները: Չափից ավելի չէ՞ ծրագրի մեջ այս ոլորտը կենտրոնացնելը: Առհասարակ, ծրագիրը պետք է ուղերձ պարունակի դեպի ժողովուրդը»:
Հարցին, թե՝ ինչպե՞ս եք պատկերացնում ազատ ընտրություններ, երբ ամեն օր ահազանգեր ենք ստանում, որ ՀՀԿ-ն մանկավարժներին, բուժաշխատողներին հրահանգում է ցուցակագրվել, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Փաստացի ապացույցներ կա՞ն ահազանգերի: Թեկնածուներից մեկն էլ էր ահազանգում, որ ինչ-որ գումարներ են բաժանվել: Երբ ասում ենք՝ ինչո՞ւ չես ասում՝ որտեղից, ասում է՝ ես ո՞նց կարող եմ նշել: Երևակայության մեջ ամեն ինչ էլ կարող են ասել»: