«Աշխարհի տերերը» թողեցին միայնակ

«Նախ` ինքը հաշվարկել գիտի, տեսավ, որ ընտրություններին մասնակցելը հերթական քաղաքական ապտակը կլինի, և այնտեղ կան տարբեր` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Երկրորդը` ինքը հայտարարեց, որ խորհրդակցում է աշխարհի գերտերությունների ղեկավարների հետ` նրանց «դաբրոն» ստանալու համար»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, «Հայրենիք և պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը` իր կարծիքը հայտնելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` ընտրություններին չմասնակցելու որոշման մասին:

Մեր դիտարկմանը, որ Տեր-Պետրոսյանը հումորով էր խոսել գերտերությունների աջակցության մասին, Գառնիկ Մարգարյանը պատասխանել է. «Գիտեք, ամեն հումորի տակ ճշմարտություն կա: Ես կասեի այսպես` Մարտի 1-ի դեպքերից հետո իր ասած «աշխարհի տերերը» Լևոն Տեր-Պետրոսյանին թողեցին միայնակ»: Վերջինս, խոսելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի մրցակից թեկնածուների մասին, նշել է, որ 1996-ից ի վեր ռեժիմը մշտապես ամեն ինչ արել է վերարտադրվելու համար, ա ոչ մի թեկնածու ի վիճակի չէ իր անձնական, խարիզմատիկ, ինտելեկտուալ պոտենցիալով պայքարել այդ ռեժիմի դեմ: Գառնիկ Մարգարյանը նաև կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանն` ինքը, մի քանի օր առաջ տված հարցազրույցում «գովերգել է» այդ թեկնածուներին:

Մեր թղթակիցը հետաքրքրվել է` այսինքն` «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը չի սատարի նույնիսկ ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի՞ թեկնածությանը, ինչին Գառնիկ Մարգարյանը պատասխանել է այսպես. «Մենք մինչ Հրանտ Բագրատյանի առաջադրվելը որոշում ենք կայացրել, որ չենք սատարելու ոչ ոքի, և այդպես մեր որոշումը մնում է ուժի մեջ»:

Գառնիկ Մարգարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ առաջիկայում:

Կարդացեք նաև

«168 ԺԱՄ»

 

Տեսանյութեր

Լրահոս