Բաժիններ՝

ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում առաջադրելու է Ջոն Ալենի թեկնածությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունը չի հրաժարվի գեներալ Ջոն Ալենին ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարի թեկնածու առաջադրելուց, սակայն դա տեղի կունենա այն բանից հետո, երբ նրա վրայից կհանվի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին ղեկավար Դևիդ Պետրեուսի հետ սկանդալի վերաբերյալ մեղադրանքը:

Նախօրեին Պենտագոնը հայտարարել է, որ Ալենի վրայից հանել է գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ բոլոր մեղադրանքները, որոնք ի սկզբանե կտրականապես հերքվել են Ալենի կողմից: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք Ալենի թեկնածությունն առաջադրելու են ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում:

Պետրեուսը զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ է տվել նախորդ տարվա նոյեմբերի սկզբին, երբ հայտնի դարձավ, որ ԿՀՎ 59-ամյա ղեկավարը սիրավեպ է ունեցել լրագրողուհու հետ: Հետաքննությունների դաշնային բյուրոն նրանց հարաբերությունները սկսեց քննել ԱՄՆ ռազմաբազաներից մեկում աշխատող Ջիլ Քելիի բողոքից հետո:

Հետաքննության ընթացքում էլ ի հայտ էր եկել, որ 2010-2012 թվականներին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Ալենը նամակագրության մեջ է եղել Քելիի հետ և նրան է ուղարկել ընդհանուր 20-30.000 էջ ծավալով տեքստեր: Դրա հետ կապված՝ Ալենին կասկածել էին գաղտնի տեղեկություններ հրապարակելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս