Ամենաձեռնաբացն Արգամիչն է. մամուլ
«Նախընտրական այս փուլում ամենազբաղված մարդը ՀՀԿ-ի (նախկինում՝ ՀՀՇ-ի) Գևորիկն է. քարոզարշավի այս թեժ փուլում նա ժամանակ չունի քիթ սրբելու, մինչդեռ անցյալում հաճույքով լրագրողների հետ շփվում էր։ Հարցին՝ ՀՀՇ-ի ժամանա՞կ էր լավ, թե՞ հիմա, Գևորիկն ահավոր պաթետիզմով պատասխանեց.
«Այս իշխանությունն ավելի լավն է, քան նախկինը»։ «Սակայն Վանիկ Սմբատիչին ոչ ոք չի հասնի, ամենաշատը նա էր փող տալիս, ասում են՝ հետ է գալու, բայց ես հարում եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը և հարում եմ Նժդեհի գաղափարախոսական բոլոր ծրագրերին»։
Իսկ ՀՀԿ-ում ամենաձեռնբացն ո՞վ է։ «Հովիկ Արգամիչը»։ Իջնում-անձա՞մբ է տալիս։ «Չէ, Բագրատի միջոցով։ Օր ունի, ժամ ունի, պատարագ ունի, ասել եմ, ասելու եմ՝ Ազատիչը կրել ա, կրելու ա»։ Իսկ Սերժ Ազատիչը փող տալի՞ս է։ «Նախկինում՝ հա, որ վարչապետ էր, պաշտպանության նախարար էր. մի անգամ Ազգային ժողովի դեմից, չէ՝ էրկու անգամ, ինձ դրեց իր ավտոն, սաղ մանթո էին, դրեց ավտոն, տարավ մինչև լուսաֆորը, նա միշտ շփվել է բոլորի հետ ու առայսօր շփվում է»։ Չե՞ս նեղվում, որ էլ փող չի տալիս։ «Բայց էսքան մարդիկ իր մարդիկ են՝ օգնում են»։ Ի՞նչ ես անում էդքան փողը, Գևորգ։ «Բանկը, բանկը՝ պետական բանկ եմ գցում, տուն էլ ունեմ, երկու հատ էլ էրեխա ունեմ։ Ոչ մի շվեյցարական բանկ. Հայաստանի բանկերն ի՞նչ են եղել՝ մեռե՞լ են»։ Դո՞ւ ես հարուստ, թե՞ Հայաստանի օլիգարխները։ «Ես, իրենք ի՞նչ են»։ Ծառուկյա՞ևն էլ։ «Չէ՝ էն իմ ախպերն ա, պարոն Հայրապետյանն էլ ա ախպերս, Ալեքսանյանն էլ»։ Ո՞րն է նրանցից ամենաշատ տվողը։ «Չեմ ասի… պարոն Հայրապետյանս»։ Ծառուկյանը կնեղանա, էլ փող չի տա։ «էդ քեզ թվում ա»»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը։