Կուռնիկովան կրում է աշխարհի ամենաթանկ` 6 մլն դոլարանոց հարսանեկան մատանին (լուսանկարներ)
Շոու-բիզնեսի աստղերի շրջանում հարսանեկան ամենաթանկ մատանու տիրուհին ազգությամբ ռուս թենիսիստուհի Աննա Կուռնիկովան է: Ինչպես հայտնում է reporter.delfi.ua կայքը, սպորտսմենուհու թանկարժեք այս մատանու գինը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն փորձագետների գնահատմամբ` այն արժե մոտ 6 մլն դոլար: Թենիսիստուհին մատանին նվեր է ստացել 2004-ին՝ իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասից: Մատանին զարդարված է 11 կարատանոց վարդագույն ադամանդով:
Հարսանեկան ամենաթանկարժեք մատանիների երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է ռեփեր Ջեյ Զիի`Բեյոնսեին նվիրած մատանին: Այն արժե 5 մլն դոլար: Աստղերի շրջանում պտտվող խոսակցությունների համաձայն՝ 18 կարատանոց ադամանդից պատրաստված այս մատանին այնքան թանկ է Բեյոնսեի համար, որ Ջեյ Զին ապահովության համար պատվիրել է դրա կրկնօրինակը` ընդամենը 5000 դոլար արժողությամբ: Մատանու կրկնօրինակը Բեյոնսեն կրում է ամեն օր, իսկ բնօրինակը՝ միայն առանձնահատուկ դեպքերում:
Ժամանակին դերասան Ռիչարդ Բարտոնն ապագա կնոջը`Էլիզաբեթ Թեյլորին, նշանադրության առթիվ նվիրեց աշխարհի ամենաթանկարժեք մատանիներից մեկը: Փորձագետների կարծիքով` մատանին արժեր մոտ 385 հազար դոլար: Այդ ժամանակների համար գումարը շատ մեծ էր:
ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի այրի Ժաքլին Քենեդին, երկրորդ անգամ ամուսնանալով հույն մեծահարուստ Արիստոտել Օնասիսի հետ, նրանից նվեր ստացավ 40 կարատանոց ադամանդից պատրաստված մատանի` 2,6 մլն դոլար արժողությամբ:
Հույն նավաշինարար Պարիս Լատսիսը դերասանուհի, երգչուհի Փերիս Հիլթոնին իրենց նշանադրության առթիվ նվիրեց 24 կարատանոց ադամանդից պատրաստված` մոտ 5000 դոլար արժողությամբ մատանի: Բաժանումից հետո Փերիս Հիլթոնը վաճառեց փեսացուի նվերը` պատճառաբանելով, որ այն շատ մեծ չափեր ուներ: