Հմայակ Հովհաննիսյանը` Սերժ Սարգսյանի և Մարտի մեկի մասին (տեսանյութ)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հունվարի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում խոսելով այն տեսակետի մասին, թե նախագահական ընտրությունները մրցակցային չեն, ասել էր, որ «իշխանությունների պրոբլեմը չէ մրցակից աճեցնելը»:
«Ես համարում եմ, որ իշխանությունների խնդիրն է մրցակցային դաշտ, մրցակցային մթնոլորտ ստեղծելը, թեև սա էլ միայն իշխանությունների պարտականությունների մեջ չի մտնում։ Բայց մենք ի՞նչ պետք է անեինք, գնայինք Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից մեր մի հայրենակցի՞ բերեինք, պարտադրեի՞նք, կամ ինչ-որ մեկին այստեղ սկսեինք աճեցնե՞լ»,- հակադարձել էր ՀՀ նախագահը:
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Սերժ Սարգսյանի տեսակետը, ասաց, որ ցանկացած իշխանություն, որն իր առջև խնդիր է դրել վերարտադրվելու, ձգտում է այդ խնդիրը լուծել իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցներով, և որևէ իշխանություն շահագրգռված չէ ունենալու ուժեղ մրցակիցներ:
«Դա ընդդիմության խնդիրն է` ստեղծել մրցակցություն գործող իշխանությանը, բայց իշխանությունը պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որոնք հարիր են ժողովրդավարական չափանիշներին, պետք բացառի երկրում վախի, սարսափի մթնոլորտը: Իսկ այդ մթնոլորտն այսօր Հայաստանում գերիշխում է, ինչի ապացույցներից մեկն այն է, որ հենց ընտրարշավի առաջին օրը սկսվեց քրեական գործով դատավարություն քաղաքագետների միության նախագահի դեմ այն քրեական գործով, որն իմ դեմ հարուցվել էր խորհրդարանական ընտրարշավի ժամանակ, երբ ես համակարգում էի հանրային վերահսկողության Միասնական շտաբի աշխատանքները: Եվ այս մթնոլորտի համար է իշխանությունը պատասխանատու, ոչ թե նրա համար, որ մրցակցություն չկա, այլ պատճառների` ինչո՞ւ չկա այդ մրցակցությունը»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Քաղաքագետների միության նախագահի կարծիքով` իշխանությունը պետք է բացառի վարչական լծակների օգտագործմամբ ընդդիմադիր դաշտի և ընդդիմադիր գործիչների ուղղորդումը, ընդդիմադիր դաշտում տրոյական ձիերի ներդնումը:
«Եվ իշխանությունը պետք է բացառի ընդդիմադիր դաշտի ապագաղափարականացումը, որովհետև դա ընդհանրապես ապականում է քաղաքական մթնոլորտը երկրում, քաղաքացիների մոտ առաջացնում է հուսալքվածություն, հիասթափություն, ստիպում է նրանց արտագաղթել: Հայաստանում դժվար է ապրելը, սոցիալական պայմաններն են դժվար, բայց պակաս ծանր չէ Հայաստանում ապրելն այն պատճառով, որ Հայաստանում ուղղակի տխուր է ապրելը, տխո´ւր, Հայաստանում անհետաքրքիր է ապրելը: Այնպիսի կարևորագույն համապետական իրադարձություն, ինչպիսին նախագահական ընտրություններն են, որոնք տեղի են ունենում 5 տարին մեկ անգամ, վերածել այսպիսի անհետաքրքիր, ճղճիմ միջոցառման և դրանից հետո ասել` «իսկ ո՞վ է ասել, որ մենք պետք է շահագրգռված լինենք մրցակցության մեջ»»,- դժգոհեց Հմայակ Հովհաննիսյանը:
Վերջինս գտնում է, որ Միասնական շտաբի մեջ մտած երեք ուժերը` ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստանը» և Դաշնակցությունը, որոնք չմասնակցեցին նախագահական ընտրություններին, ակնհայտորեն «սարսափած», չնայած չեն ասում այդ մասին:
«Դաշնակցությունը, որի գործունեությունը կասեցված էր, Դաշնակցությունը, որը Հայ հեղափոխական դաշնակցությունն է, ոչ թե Հայ հարմարվողական դաշնակցություն, Դաշնակցությունը իրականում ապացուցել է դա, այս կազմակերպությունը` Վահանով, Արմենով, Հրանտ Մարգարյանով, ապացուցել է, որովհետև լինելով կասեցված, դառնալով ծանրագույն մեղադրանքների թիրախ (մեղադրում էին սպանությունների մեջ` «Դրոյի» գործով, նարկոբիզնեսի մեջ, բերել էին այնպիսի հոդվածների տակ էին մտցրել, որ յուրաքանչյուրին սպառնում էր ցմահ բանտարկություն), բայց չնայած դրան, ՀՅԴ-ն մասնակցեց 96 թվականի ընտրություններին` լինելով կասեցված, չլինելով խորհրդարանական կուսակցություն:
Իսկ հիմա, երբ ՀՅԴ-ն խորհրդարանական ուժ է, ունի օրինական գործունեության հնարավորություն, չի առաջադրել սեփական թեկնածու, և Արմեն Ռուստամյանը հեռուստատեսությամբ ասում է` «ինչո՞ւ եք զարմանում, եթե այսքան մարդիկ փախչում են երկրից, մենք էլ չենք ուզում մասնակցել այս ընտրություններին»: Սա ապացուցում է, թե ի՞նչ մթնոլորտ է տիրում, երբ քաղաքական ուժերը, ոչ թե մարդիկ, հրաժարվում են մասնակցությունից, մարդը կարող է վախենալ, քաղաքական ուժը վախենալու իրավունք չունի, մանավանդ եթե նա խոսում է 500 հազար ընտրողների անունից: Սերժ Սարգսյանը պետք է պատասխաներ այս հարցին»,- ավելացրեց Հ.Հովհաննիսյանը:
Վերոնշյալ հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր, որ 2008-ի մարտի 1-2-ի հայտնի դեպքերին ժամանակ միայն իշխանությունները չեն բռնություն գործադրել: Մենք հետաքրքրվեցինք Հմայակ Հովհաննիսյանից` արդյոք որևէ հիմք կա հայտարարելու, որ ընդդիմությունը նույնպես գործադրել է բռնություն: Ի պատասխան Հ.Հովհաննիսյան ասաց.
«Եթե հաշվի առնենք, որ Մարտի մեկի կարևորագույն ողբերգության, արյունահեղության, սպանդի առանցքային կազմակերպիչներից մեկն այսօր նստած է խորհրդարանում, իսկ այն մասնագիտական, վերլուծական, հանրային կազմակերպության` քաղաքագետների միության ղեկավարը, ով առաջինը հանդես եկավ ամփոփ գնահատականով` Մարտի մեկի ողբերգական դեպքերի վերաբերյալ…, այսօր նստած է ամբաստանյալ աթոռին, այս իրավիճակը գալիս է ցույց տալու, որ Սերժ Սարգսյանի այս դատողությունն ամենևին էլ պատահական չէ»:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում: