Իսկ որտե՞ղ է հարդարում իր մազերը Սերժ Սարգսյանը. ՀՀԿ-ում սեփական կենցաղային կուլտուրան չեն հանրայնացնում
Galatv.am–ի փոխանցմամբ՝ այսօր ամբողջ օրը համացանցն ու սոցիալական կայքերը լիքն էին ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ոչ սովորական և արևմտյան մոդելի մեջ տեղավորվող քարոզչության մասին պատմող նյութերով: Հատկապես ուշադրության առանցքում ՀՀ նախագահի թեկնածուի հանպատրաստից մազերը հարդարելու որոշումն էր, որի համար նա ընտրել էր սովորական և պատահական վարսավիրանոց և վարսերը հարդարել «ուստա» Արշակի մոտ:
Galatv.am–ի թղթակիցը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, Սերժ Սարգսյանի Գյումրու նախընտրական շտաբի պատասխանատու Սահակ Մինասյանից հետաքրքրվել է, թե ինչպես են գնահատում ՀՀԿ-ում քարոզարշավի ընտրված ոչ պահպանողական եղանակը, ինչպիսին օրինակ ընտրել է «Ժառանգությունը», և իրենք, օրինակ, ինչպե՞ս են գնահատում՝ հասարակությանը հետաքրքրո՞ւմ է, թե որտեղ է իր մազերը հարդարում ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանը:
«Ճիշն ասած՝ ես իմ սեփական կենցաղային կուլտուրան էլ չեմ հանրայնացնում, ուր մնաց նախագահների…»,- ասել է Սահակ Մինասյանը:
Սահակ Մինասյանը «Ժառանգություն» կուսակցության կողմից կիրառվող ոչ ավանդական քարոզչությանը իր գնահատականը չտվեց, իսկ մեր դիտարկմանը, թե ՀՀԿ-ում ավելի պահպանողակա՞ն են, պատասխանեց. «Անձնական կարծիք չեմ ուզում ասել, որովհետև դա զուտ Րաֆֆի Հովհաննիսյանի և իր թիմի խնդիրն է և հակաքարոզ կստացվի, ինչ մնում է՝ մեր թեկնածուի քարոզչության մոտեցումները համարում եք պահպանողական, ասեմ, որ պահպանողական արժեքների այն տեսակը, որ հարատևում է, վերածվում է դասականի: Դասական մոդելը հիմա էլ շարունակվում է: Իսկ որ ամենակարևորն է, ինչն եմ ուզում առանձնացնել՝ մեր կազմակերպած քարոզից որպես ձեռագիր, քարոզը կառուցվում է մեր թեկնածուի երևելիությունը ցույց տալու համար, այլ ոչ թե մյուսներին փնովելով: Իմ կարծիքով՝ հակաքարոզ արվում է այն ժամանակ, երբ քարոզի նյութը սահմանափակ է»:
ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը հիշեց նաև 2008 թ. մի դեպք, երբ Սերժ Սարգսյանը մասնակից էր եղել Արթիկում հարսանիքի.
«Նախորդ ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ մեր թեկնածուն՝ գործող նախագահը, այսօրվա մեր կուսակցության թեկնածուն բացարձակ պատահական մասնակից եղավ Արթիկի տարածաշրջանում հարսանիքի: Պատահական հարսանիքի ժամանակ հարսանքավորը իմացավ, որ նախագահը մոտեցել է, հրավիրեցին, և նախագահը չմերժեց, այսինքն՝ այն, ինչ հատուկ է ցանկացած արժանապատիվ և հասարակությունից չխորշող, հասարակության մեջ իր համբավն ու վաստակն ունեցող մարդուն, ինչպիսին մեր նախագահն է, կարող է ցանկացած միջավայրում իր մասնակցությունն ունենալ իր ժողովրդի հետ»,- ասել է Սահակ Մինասյանը:
Վերջում ևս մեկ անգամ անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մազերը հանպատրաստից հարդարելու քայլին՝ ասել է. «Զուտ պատահականություն է, որ վարպետ Արշակը շուրջ 30 տարի նաև իմ մազերն է հարդարում՝ չնայած, որ ես չեմ հավակնում նախագահ դառնալ…»: