
«Քյառթերը պետք է մտահոգվեն». Ստյոպա Սաֆարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատներին

«Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն քանի տարի է` Րաֆֆի Հովհաննիսյանը հասարակ, հասանելի, սովորական մարդու և քաղաքացու իր կերպարով լուրջ կոնտրաստ է ստեղծում քաղաքական-պետական քյառթու գործիչի կերպարի հետ, ով պադավատով է, ախրանայով, փողկապով ու կոստյումով, անհաղորդ ու վերևից նայող աչքերով, ու ատամների արանքից շրջապատի երեսին շպրտվող կիսա «բարև»-ով: Րաֆֆին կարծրատիպեր է քանդում, որոնք այդ քյառթուների իշխանության միգուցե ոչ կարևոր, բայց մի բաղադրիչն է: Եվ անշուշտ, քյառթերը պետք է մտահոգվեն, որ իշխանության փոքրիկ հենասյուներից մեկը փլուզվում է: Պետք է նեղվեն, որ Րաֆֆիի ստեղծած կոնտրաստը իրենց օգտին չէ: Ու նրանց «բլոգերները» անսուսեր մարտի են մտել չգիտես թե ում դեմ ու չես էլ հասկանում, թե ինչու ֆեյսբուքում:
Տղերք ջան, էս ամենի իրական ու կարևոր քննադատը և դատավորը ժողովուրդն է, Րաֆֆիին բարևած մարդը, որի համար շատ հաճելի է պաշտոնյայի հասարակ ու ամենահաս պահվածքը: Իզուր ՖԲ-ում էջ մի մրոտեք:
Ավելի լավ է՝ քայռթերին պոլիծծեխնալագիչեսկի, իմիջմեյքերսկի ու բլոգերսկի խորհուրդ տվեք դուրս գալ քյառթ հոգե- և այլ վիճակներից: Եվ ամենակարևորը, քայլեք Րաֆֆիի հետևից, որ նրան բարևած ու դրանից լավ զգացած մարդուն ասեք, որ Րաֆֆին իրեն սխալ է պահում: Թե չէ՝ անհասկանալի է, թե ինչ եք հետապնդում ֆեյսբուքում: Այստեղ բոլորս կողմնորոշված ենք»: