
Հացադուլը ծայրահեղ քայլ է, որը վկայում է հացադուլ դիմած անձի՝ այլ ճանապարհով խնդիրներ լուծելու անօգնականությանը

Երեկ ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե մտածում է` մի քանի օրով միանալ հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին, ապա՝ «համերաշխելով նրա հետ` դադարեցնել հացադուլը»:
168.am-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ եք միանալ հացադուլ հայտարարած թեկնածուին, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը պատասխանեց. «Ես առհասարակ հուսահատ քայլերի կողմնակից չեմ, որովհետև հացադուլը ծայրահեղ քայլ է, որը վկայում է հացադուլ դիմած անձի՝ այլ ճանապարհով խնդիրներ լուծելու անօգնականությանը: Ես տեսնում եմ ճանապարհ, որով կարելի է խնդիրները լուծել՝ առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու և ամենակարևորը` խնդիրների լուծման գործին մասնակից դարձնել նաև հասարակությանը»:
ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը հայտարարել է, որ ինքը ստանալու է 81% ձայն: Ուստի Արման Մելիքյանից հետաքրքրվեցինք, թե ինքը քանի՞ տոկոս ձայն է կանխատեսում իր օգտին, և որո՞նք են կանխատեսլեի արդյունքներն իր համար:
«Անօրինական ընտրություններ կայանալու պարագայում ցանկացած տոկոսային հարաբերակցություն կարող է լինել այն պայմանով, որ հաղթողը միևնույն է՝ կլինի իշխանության ներկայացուցիչը: Եթե ընտրություններն անցնեն օրինականության շրջանակներում, ապա, կարծում եմ, որ առնվազն իմ մասով ընտրվելու հնարավորություն տեսնում եմ»: