Կոռումպացված գործիչների թվում են նախարարներ, դատավորների և պատգամավորների մեծ մասը. Հակակոռուպցիոն հ/կ

ՀԱԿ անդամ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության և Հակակոռուպցիոն հասարակական ղեկավար Գառնիկ Մարգարյանը, 168.am-ի հետ զրույցում խոսելով իր ղեկավարած կազմակերպության գործունեության մասին, նշեց, որ մինչև փետրվարի երկրորդ տասնօրյակը կայանալու է եվրոպական հակակոռուպցիոն կառույցների կոնֆերանսը կամ համագումարը, որտեղ Հայաստանի կառույցի ներկայացուցիչները մասնակցելու են որպես լիարժեք անդամ, և այդ մասին արդեն կա պայմանագիր` ստորագրված ՌԴ նախագահին կից հակակոռուպցիոն խորհրդի հետ:

«Պայմանագիրը մեզ համար հիմք է ծառայում` տալու փոխադարձ ինֆորմացիաներ, անելու փոխադարձ առաջարկներ, ոչ միայն բացահայտելու այս կամ այն կոռումպացված չինովնիկին, այլև նրա նկատմամբ կիրառելու հասարակական ներգործություն: Մենք դատավոր կամ դատախազ չենք, սանկցիաներ կիրառել չենք կարող, բայց կարող ենք դիմել եվրոպական կառույցներին և պարզել, թե որտեղի՞ց այդ հսկայածավալ գողացված գումարները, որոնք դրված են եվրոպական ինչ-որ պետության բանկում և իրենք էլ, այսպես, «վոյաժներ» են կատարում, մենք կարող ենք դրա վերջը դնել: Իսկ դա նշանակում է, որ մենք հետզհետե արմատախիլ ենք անելու կոռումպացված երևույթները Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց «Հակակոռուպցիոն» հ/կ-ի ղեկավարը:

Գառնիկ Մարգարյանը խոսեց նաև Հայաստանի արտաքին պարտքի մասին, որ կազմում է շուրջ 3,7 մլրդ ԱՄՆ դոլլար` նշելով, որ այն պետությունները, հասարակությունները, որտեղ արտաքին պարտքը մեծ է, և ստվերը ՀՆԱ-ի 50 տոկոսից  ավելի է, այդպիսի պետությունները երկար չեն դիմանում, վտանգված է իրենց գոյատևման, ազգային անվտանգության հարցը և,վերջապես, հայ մարդու վաղվա օրը և ապագան:

«Առանց այդ էլ վտանգի առաջ ենք կանգնած` Ադրբեջան, Թուրքիա` իրենց ղեկավարների հոխորտանքներով, և գումարած դրան` իրենք լրջորեն զբաղվում են սպառազինությամբ, բանակի խնդիրներով, Ադրբեջանը միայն բանակի վրա նախորդ տարի ծախսել է ՀՀ բյուջեից 2 անգամ ավելի շատ գումար: Սա նշանակում է, որ նրանք սպառազինվում են, իսկ մենք պարտադրում ենք հայ մարդուն փախչել, ինչպես 15 թվականին: Ինչո՞ւ, չենք լուծել տարրական` սոցիալական և առաջին հերթին` հայ մարդու պաշտպանվածության խնդիրը. երբ նա տեսնում է այս անարդարությունը, ինչ որ կատարվում է երկրում, որ «ընտրովի» խորհրդարանի պատգամավորների կեսից ավելին միլիարդատերեր, թալանչիներ և «կլիչկա» կրողներ են, ի՞նչ պետք է անի, նա պաշտպանված չէ»,- շարունակեց Գառնիկ Մարգարյանը,-«Հիմա դառնալով եվրոպական կառույցի լիարժեք անդամ` սկսելու ենք մեր` Հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության կայքում հրապարակել անուններ, լինի դա նախագահ, լինի նախկին նախագահ, վարչապետ կամ նախարար»:

Կարդացեք նաև

Իսկ մեր հարցին, թե ովքե՞ր այդ «վոյաժ» կատարողները, արդյոք դրանք օլիգարխնե՞ր են կամ պետական պաշտոնյանե՞ր, «Հակակոռուպցիոն» կազմակերպության ղեկավար Գառնիկ Մարգարյանը այսպես պատասխանեց. «Դրանք հիմնականում 2 տասնյակից ավելի չինովնիկներ են, որոնց թվում առանձին նախարարներ, ոչ բոլորը, դրանց կազմում են իրավապահ մարմինների աշխատակիցներ, դատախազություն և դատավորների մեծ մասը, Ազգային Ժողովի մեծ մասը: Սա մեծ խումբ է: Եթե կոպիտ, տարրական թվաբանության վերածենք, մոտ 200-250 հոգի են»:

Գառնիկ Մարգարյանի հետ հարցազրույցը կարդացեք «168 ժամի» վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս