
Վրաստանի միջազգային դիրքերը սասանվել են. Սաակաշվիլի

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի դիրքերը սասանվել են համաշխարհային արենայում.
«Վրաստանի նախկին կառավարությունը տարիների ընթացքում ստեղծել է Վրաստանի հեղինակությունը, և արդյունքում ստացվեց այնպես, որ բոլորին անծանոթ Վրաստանը վերածվեց ժողովրդավարական երկրի: Դա տեղի ունեցավ ոչ միայն մեր ելույթների շնորհիվ, այլև՝ Վրաստանում կատարված փոփոխությունների շնորհիվ: Դիվանագիտությունը դա չէր կարող անել:
Չէ՞ որ Ռուսաստանն ունի փող և փորձառու դիվանագետներ, սակայն ամեն դեպքում չի կարողանում հեղինակություն վաստակել: Մենք հեղինակություն ենք ունեցել այն պատճառով, որ Վրաստանում զարգացել է ժողովրդավարությունը: Դա հաստատվեց նաև վերջին ընտրություններով: Նոր կառավարությունը պետք է իր ողջ էներգիան, հին կառավարությանը պարսավելու փոխարեն, ուղղի մեր կառուցածի բարելավմանը: Դա լավ կլինի թե՛ նրանց, թե՛ երկրի համար:
Մինչդեռ դրա փոխարեն նա աչքի ընկավ Հանրային հեռարձակողին ու տեղական ինքնակառավարման մարմիններին վախեցնելով, պատգամավորներին ու նրանց ընտանիքիների անդամներին ահաբեկելով ու ձերբակալելով՝ հանուն սահմանադրական մեծամասնություն կազմելու: 2008 թվականին բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ աջակցեցին Վրաստանին, որովհետև երկրում կար ժողովրդավարություն:
Այժմ ի հայտ են եկել դիրքերի թուլացման ցուցիչներ, որոնք թուլացնում են նրա դիմադրողականությունը: Դա չի կարող չանհանգստացնել մեզ: Վրաստանի այսօրվա կառավարությունը վախենում է նոր ընտրություններից: Նրանք վստահ չեն իրենց դիրքերի վրա: Նոր կառավարությունը վստահ չէ, որ 10 ամիս անց երկրի տնտեսությունը կլինի նույն վիճակում, որ մարդիկ աջակցեն նրան: Ես գործնականում վստահ եմ, որ նոր կառավարությունը չի կարող կատարել իր տված խոստումները: Նա լուրջ հաջողության չի հասնի ո՛չ երկր ներսում, ո՛չ էլ երկրի սահմաններից դուրս»: