Յուրաքանչյուր թեկնածու իր ելույթում մարդկանց վախեցնում է. Ռուբեն Թովմասյան
«Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ուշի ուշով հետևում է սկսված քարոզարշավին, որը, սակայն, դեռևս չի մտել բուն բովանդակության մեջ: Թեկնածուները սրերն են մերկացնում, բայց հարձակվելու պատրաստակամություն չեն հայտնում»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԿԿ նախագահ Ռուբեն Թովմասյանը:
Նրա խոսքով՝ միայն հեռուստաբանավեճերի ժամանակ ակնհայտ կդառնա, թե ով, ինչպես և ինչ ուժգնությամբ է հարձակվում հակառակորդի վրա: «Հիմա չկա այն թեկնածուն, ով կարող է իր վրա վերցնել նախագահի ծանր աշխատանքը: Երկիրն այնպիսի վիճակում է, երբ պրոբլեմները լցված են երկրի վրա, այդ թվում՝ խաղաղության պահպանության հարցը: Եվ մեզ պետք է ուժեղ նախագահ, ում թեկնածուների շարքում ես չեմ տեսնում: Յուրաքանչյուր թեկնածու իր ելույթում մարդկանց վախեցնում է՝ թե արտագաթ կա: Ոնց որ՝ մարդիկ են ստեղծել այդ արտագաղթը: Ով ստեղծել է, նա էլ պետք է պայքարի դրա դեմ»,- ասաց նա:
Անդրադառնալով թեկնածուների նախընտրական կարգախոսներին՝ Ռուբեն Թովմասյանը կարծիք հայտնեց, թե իրեն՝ որպես շարքային ընտրողի, կարգախոսներից որևէ մեկը չի գրավում: «Եթե ես առաջադրվեի, իմ կարգախոսը կլիներ հետևյալը՝ «Ժողովրդից խլվածը վերադարձրեք ժողովրդին»: Այ սա կարգախոս կլիներ: Իմաստն այն լիներ, որ օլիգարխների կողմից ժողորդից խլվածը կվերադարձվեր ժողովրդին, այսինքն՝ պետությանը: Թե չէ՝ արձանագրել այն, ինչ բոլորը տեսնում են, էլ ի՞նչ ընտրություն: Կյանքը ցույց է տալիս, որ կարգախոսներն այլ բանի մասին են, կյանքը՝ այլ»,- նշեց Ռուբեն Թովմասյանը: