
Թուրք-ադրբեջանական փոխադարձ ներդրումների ծավալը հասել է 10 միլիարդ դոլարի

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչ Քահան Յըլմազը «Կասպիական-եվրոպական երկխոսություն» կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ 2012 թվականին Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 4 միլիարդ դոլար՝ ընդգծելով, որ ծրագրված է այդ ցուցանիշը հասցնել 10 միլիարդ դոլարի:
Նա հավելել է, որ նախորդ տարի երկու երկրների միջև փոխադարձ ներդրումների ծավալը հասել է մոտ 10 միլիարդ դոլարի. «Մոտ ժամանակներս այդ թիվն էլ ավելի է աճելու, քանի որ SOCAR-ը Թուրքիայում իրականացնում է մեծ նախագծեր: Ներկայումս Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ իրականացնում են «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) և «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծերը:
Դա հիմք է տալիս ներդրումների մեծացման համար: Ներկայումս Թուրքիայում գործունեություն է ծավալել հազար ադրբեջանական ընկերություն: Նմանապես Ադրբեջանում գործունեություն է ծավալել մոտ 1000 թուրքական ընկերություն»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի կեսերին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական SOCAR-ը մինչև 2017 թվականը 17 միլիարդ դոլարի ներդրում է անելու Թուրքիայում: Ընդ որում, խոսքը գնում էր TANAP գազատարի և Petkim նավթաքիմիական գործարանների նախագծերի իրագործման մասին: