Ստամբուլում կառուցվելու է աշխարհի ամենախոշոր օդանավակայանը. թուրք նախարար
Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը տվյալներ է ներկայացրել Ստամբուլում կառուցվելիք երրորդ օդանավակայանի վերաբերյալ.
«Վաղը կհայտարարվի օդանավակայանի կառուցման տենդերի մասին, որը սկսվելու է այս տարվա մայիսի 3-ին: Օդանավակայանի կառուցումը պետք է ավարտվի 42 ամսվա ընթացքում: Օդանավակայանի կառուցումը կստեղծի 80.000 նոր աշխատատեղ, որը կարող է հասնել մինչև 120.000-ի: Օդանավակայանը կկարողանա տարեկան սպասարկել 150 միլիոն մարդու: Այդ ցուցանիշով այն կլինի աշխարհի առաջատարը: Օդանավակայանը կառուցվելու է Եվրոպայի ու Ասիայի միջև ընկած աշխարհագրական ամենահարմար վայրում»:
Հիշեցնենք, որ ներկայումս Ստամբուլում գործում են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի անվան և նրա որդեգիր, Թուրքիայի առաջին կին օդաչու Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանները:
Ի դեպ, Սաբիհա Գյոքչենի հայկական ծագում ունենալու մասին բարձրաձայնել է Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը: Շատ փորձագետներ գտնում են, որ հենց դա է հանդիսացել Հրանտ Դինքի մահաբեր հոդվածը: