Ո՞ր թեկնածուներն են Ծառուկյանի և Տեր-Պետրոսյանի նմանակները
«Րաֆֆի Հովհաննիսյանի արդյունքները պայմանավորված են նրանով, որ Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրմամբ նա սկսեց դիտվել որպես ընդդիմության միասնական ներկայացուցիչ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադբեկյանը:
«Հետաքրքիրն այն է, որ ՀԱԿ-ի ձայները, չնայած նրան, որ Կոնգրեսը պաշտոնապես չի սատարում թեկնածուներից ոչ մեկին, կգնան ոչ միայն Բագրատյանին, այլև Րաֆֆի Հովհաննիսյանին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԲՀԿ ընտրազանգվածի ձայների բաշխմանը, ապա Ադիբեկյանը ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածի մի մասը կգնա Սերժ Սարգսյանին, մյուս մասը` Րաֆֆի Հովհաննիսյանին, հնարավոր է՝ որոշակի ձայներ ստանա նաև Հրանտ Բագրատյանը:
168.am-ի հարցին, թե ձայների համամասնությունը որքա՞ն կփոխվեն, եթե ինքնաբացարկներ լինեն, սոցիոլոգը պատասխանեց. «Հավատարիմ ընտրողներն ընտրության չեն գնա: Իսկ նրանք, ովքեր իրենց ձայնը որոշել էին տալ ինչ-որ մեկին, կքվեարկեն նմանակի օգտին»:
Ինչ վերաբերում է քարոզարշավի արդյունավետությանը, ապա Ահարոն Ադբեկյանը կարծիք հայտնեց, որ երկու-երեք օրվա քարոզարշավը գնահատելը դեռ շուտ է, բայց, նրա համոզմամբ, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի շտաբի գործունեությունը դրական է:
«Սերժ Սարգսյանի ձայները այնքան կախված չեն նրա ելույթներից, որքան շտաբի աշխատանքներից: Նա ունի մոտ 1800 տեղական շտաբ, որոնք ունեն շենքերով աշխատողներ: Հրահանգ է տրված անգամ ուժով, պարտադրանքնով ընտրողներին չբերել տեղամաս, որովհետև, հակառակ դեպքում, հնարավոր է՝ քվեարկեն հակառակորդ թեկնածուի օգտին: Այս առումով տատանվող հասարակության բանակը, հավանական է, որ կմիանա Սերժ Սարգսյանին»,- նշեց նա:
Առաջադրված մյուս թեկնածուներին անդրադառնալով՝ սոցիոլոգը շեշտեց, որ քաղաքական PR լավ տեխնոլոգիաներ է կիրառում Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր ձայնի, առոգանության միջոցով:
«Իսկ Բագրատյանը հույս է դնում իր ունկնդիրների անալիտիկ կարողությունների, տնտեսական գիտելիքների վրա, բայց չի հասկանում, որ իրեն կհասկանա միայն մասնագետների փոքր խումբը: Հայրիկյանը մնում է իր ազգասիրական կարգավիճակում, ու նրա կարգախոսները համոզիչ չեն հնչում՝ ի տարբերություն Բագրատյանի: Սերժ Սարգսյանը, բարեբախտաբար, աշխատում է ամերիկյան տեխնոլոգիաներով: Ամեն հանդիպման ժամանակ խոսում է մի թեմայի շուրջ ու հարց ու պատասխանի միջոցով չի շրջանցում ծրագրային մյուս դրույթները ևս»,- հավելեց նա: